Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նազարբաևը կարող է նշանակվել ԵԱՏՄ պատվավոր նախագահ. «Կոմերսանտ»

Ապրիլ 18,2019 14:05

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը մարտին հայտարարել էր իր հրաժարականի մասին, հնարավոր է՝ նոր պաշտոն ստանա: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ Ղազախստանի մայրաքաղաքում սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում նա կնշանակվի միության պատվավոր նախագահ:

Նախատեսվում է, որ նշանակումը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Նուրսուլթանում (նախկին Աստանա) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցելու են ԵԱՏՄ բոլոր երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղզստան, Ռուսաստան) առաջնորդները: Միջոցառումը նվիրված է լինելու ԵԱՏՄ 5-ամյակին. հենց 2014թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել է այդ ինտեգրացիոն միավորման ստեղծման մասին պայմանագիրը:

Նազարբաևին ԵԱՏՄ պատվավոր նախագահ նշանակելու որոշումը, ըստ թերթի զրուցակիցների, արդյունք է միության ստեղծման գործում նրա ներդրած ջանքերի: Ղազախստանի նախկին նախագահը եղել է եվրասիական ինտեգրման գաղափարախոսներից մեկը: Հենց նա է 1994թ. Մոսկվայի պետական համալսարանում իր ելույթում առաջ քաշել ԽՍՀՄ նախկին հանրապետությունները ինտեգրացիոն նոր կառույցում միավորելու գաղափարը:

Նազարբաևի դերը՝ որպես եվրասիական ինտեգրման հիմնադիր, հաստատում է և Ղազախստանի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ապրիլի 3-ին «Կոմերսանտի» հետ զրույցում նա ընդգծել էր եվրասիականության գաղափարախոսության արդիականությունը՝ մատնանշելով Նազարբաևի առանձնահատուկ ներդրումն այդ գործում:

Ի դեպ, Ղազախստանի մայրաքաղաքում հոբելյանական գագաթնաժողովի գաղափարը պատկանում է հենց Նազարբաևին. 2018թ. դեկտեմբերին նա հանդես էր եկել նման առաջարկով:

«Կոմերսանտի» մեկ այլ զրուցակից որպես Նազարբաևին պատվավոր նախագահ նշանակելու պատճառ նշում է նրա հեղինակությունը: «Նազարբաևի փորձը և հեղինակությունը պետք կգա միջազգային թատերաբեմում ԵԱՏՄ-ի դիրքավորման համար»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930