Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օպտիմալացման շրջանակներում կարող է նաեւ որոշակի գազի տեսուչների քանակ կրճատվել». Բաղրամյանը գազի գնի ու պարտքերի մասին

Ապրիլ 18,2019 13:25

Գազի ներկրման գինը հունվարի 1-ից 15 դրամով բարձրացել է՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար: Քանի դեռ վերջնական սպառողների համար սակագները չեն բարձրանում, տարբերությունը սակագնի փոխհատուցվելու է ընկերության կողմից: Այսօր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով գազի գնից, ասաց, որ պետք է վերանան այն կասկածները, թե պարտքեր են կուտակվում. «Որեւիցե պարտք պետության կողմից չի կարող կուտակվել»:

Հարցին, թե ինչի հաշվին է փոխհատուցումը լինելու, նա պատասխանեց, որ քննարկումները շարունակվում են: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ տնտեսումներն ընկերությունն անելու է տեսուչներին կրճատելու հաշվին: Այս առնչությամբ պարոն Բաղրամյանը պատասխանեց. «Ընդհանուր ընկերությունը սկսել է որոշակի օպտիմալացման գործընթացներ եւ այդ օպտիմալացման շրջանակներում կարող է նաեւ որոշակի տեսուչների քանակ կրճատվել: Ինչ վերաբերում է այն հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ինչո՞ւ դա առաջ չէին անում, պետք է որոշակի օրենսդրական խնդիրները նայեք: Մինչեւ 2019-ի հունվարի 1-ը գործում էին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված միջպետական պայմանագրեր, որոնք ունեին որոշակի սահմանափակումներ սահմանված ու դրանից ելնելով էլ հայկական կողմը եւ ՀԾԿՀ-ն, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող փոփոխություններ իրականացնել: Այդ համաձայնագրերը վավերացվել էին ԱԺ-ի կողմից եւ ունեին օրենքի ուժ: Նույնիսկ կար դրույթ, որ 2017-ի գները պետք է մնան անփոփոխ, այսինքն, նույնիսկ եթե դուք տեսնեիք որեւիցե խնայողության տեղ, օրենսդրությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին արգելված էր փոփոխություն իրականացնել»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Հայաստանը ցանկանում է մի քանի տարիների համար պայմանագիր կնքել, այլ ոչ թե տարին մեկ փոխվի գազի գինը՝ Բաղրամյանը պատասխանեց. «Վերջերս տեղի ունեցավ հայ-ռուսական միջկառավարական նիստը Մոսկվայում եւ այնտեղ ձեռք բերվեց համաձայնություն մինչեւ հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որտեղ կլինեն հիմնական սահմանին գազի գնի ձեւավորման մեխանիզմները, որը կմտցնի որոշակի հստակություն եւ որոշակի կայունություն այդ առումով: Համաձայնագիրը կլինի առնվազն հնգամյա: Մենք բավական կանխատեսելի կիմանանք, թե ինչ է լինելու գազի գինը սահմանին, բայց դա չի բացառում, որ եթե քաղաքական ղեկավարների միջեւ լինեն պայմանավորվածություններ, սահմանվի ավելի ցածր, քան այդ համաձայնագրով է: Մեզ համար դա կլինի նպաստավոր այն առումով, որ կունենանք որոշակի կանխատեսելիություն որոշ ժամանակահատվածի համար»:

Հարցին՝ ռուսական շրջանակներից տեղեկություններ կան, որ Հայաստանի համար գազի գինն այլեւս չի կարող նախկինի պես մնալ նույն մակարդակում եւ պարբերաբար թանկանալու է, ի՞նչ կասեք՝ Բաղրամյանը պատասխանեց. «Ես չունեմ նման տեղեկատվություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930