Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ախորժակս գրգռեցիք, կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ»

Ապրիլ 18,2019 13:16

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի նախագծի զեկուցման ժամանակ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների պայմաններին: Վարչապետն ասաց, որ այդ հիմնարկների պայմանները չեն նպաստում, որպեսզի մարդիկ դուրս գան վերափոխված, այլ հակառակն է կատարվում:

Արտակ Զեյնալյանը փորձում էր վարչապետին համոզել, որ ապօրինի գումարներ չեն շրջանառվում աշխատակիցների շրջանում, կոռուպցիայի ճանապարհները փակ են, ինչի հետեւանքով համակարգում աշխատելը հրապուրիչ չէ:

Վարչապետը չհամաձայնեց. «Չնայած տվյալներ կան, որ ընենց չի, որ լրիվ փակել եք: Էս վերջերս Արթիկ քրեակատարողական հիմնարկում դեպք էիք, չէ՞, բացահայտել: Չենք փակել, եկեք խոստովանենք, որ չենք փակել կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում: Եվ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, և այլն: Այս հարցերը լուծված չեն: Շատ կարևոր է հասկանալ մի բան, որ պարտադիր չէ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի, ասի՝ որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրում են, թե՞ չէ, հեռուստացույց նայում են, թե՞ չէ, լրատվությանը ծանոթանում են, թե՞ չէ: Էդ մարդիկ հետևություննե՞ր են անում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարա՞ք բացատրեք դա ինչ է նշանակում: Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատել իր պաշտոնո՞ւմ»:

Զեյնալյանը պատասխանեց, որ հանձնուքը չստուգելու փաստ չկա, հանձնարարված է բոլորինը ստուգել, որևէ մեկի խցի դուռը բաց չէ, որևէ մեկն արտոնյալ չէ, բայց հայտնաբերվում են արգելված իրեր:

Վարչապետը հարցրեց՝ հեռախոսնե՞ր էլ չկան քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը պատասխանեց, որ կան, պարբերաբար դրանք հայտնաբերվում են: «Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել, որովհետև կարող եմ ասել, որ եթե ավանդույթների մասին ենք խոսում, հայտնաբերում ենք, հետո վերադարձնում ենք: Պետք է ճանապարհները փակել, որովհետև այսօր Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից, հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ»,- ասաց Փաշինյանը:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ ՔԿՀ-ները ստուգման սարքավորումներով հագեցած չեն, դրանք շարքից դուրս են եկել: Բացի դա, աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, դա ինքնին կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում: Եվ մտածում են, որ լավագույն տարբերակը կապը խլացնելն է: Ըստ նախարարի՝ պետք է յուրաքանչյուր ՔԿՀ-ում այդպիսի մեխանիզմ ներդնել, որովհետև այդ հեռախոսներով դատապարտյալները նաև ազարտային խաղերի են մասնակցում:

Նիկոլ Փաշինյանը հակառակ կարծիքի էր. «Ես գիտեմ մի բան՝ առանց ՔԿՀ աշխատողների աջակցության դա հնարավոր չէ իրականացնել, ուղղակի հնարավոր չէ: Եկեք չդնենք՝ խլացուցիչ չկա, էս չկա, էն չկա: Առանց քրեակատարողական համակարգի աշխատողների էդ ամեն ինչը հնարավոր չէ իրականացնել»:

Արտակ Զեյնալյանը փաստեց, որ նման դեպքերով բազմաթիվ գործեր կան հարուցված, բայց պետք է քայլեր անել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Իսկ կոռուպցիայի նվազեցման լավագույն ճանապարհը՝ ըստ Փաշինյանի, կոռուպցիոներներին համակարգից հանել ու իրենց գործերին ուղարկելն է: Զեյնալյանն էլ ի պատասխան ասաց, որ նախորդ շաբաթ երկու քրեակատարողական հիմնարկում նման միջոցառումներ են իրականացվել, այդ աշխատանքները շարունակական են:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՔԿՀ-ներում ոչ մի հնարավորություն թողնված չէ եւ գերմարդկային ճիգեր են պետք, որպեսզի մարդը հայտնվելով այնտեղ, այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ: Եվ սա պայմանավորված է նաև քրեակատարողական ծառայությունում տիրող փիլիսոփայության ու գաղափարախոսության հետ:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև ՔԿՀ-ներում սննդի որակից: Արտակ Զեյնալյանն ասաց, որ բարձր որակի սնունդ է տրվում, ինքը բազմիցս համտեսել է այդ սնունդից, մեծ տեսականի ու բարձր որակ կա: Վարչապետն արձագանքեց. «Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ, սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան պատկերավոր նկարագրեցիք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930