Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկը, որում տեղ են գտել ազգությամբ հայ 8 գործարար:
Մասնավորապես, հայ գործարարներից ամենաբարձր՝ 29-րդ հորիզոնականում գտնվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, որի կարողությունը գնահատվել է 3.7 մլրդ դոլար: Նախորդ տարված համեմատությամբ այդ թիվը չի փոխվել:
Վարկանիշային աղյուսակի 32-րդ հորիզոնականում գտնվում է «Մագնիտ» մանրածախ առևտրային ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)՝ 3.5 մլրդ դոլար կարողությամբ: Նախորդ տարվանից նրա ունեցվածքը նվազել է 500 մլն դոլարով:
Ծանոթությունների Badoo կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեևի (Օհանջանյանց) կարողությունը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 800 մլն դոլարով՝ այս տարի կազմելով 2.3 մլրդ դոլար (44-րդ հորիզոնական):
Կարդացեք նաև
Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը վարկանիշային աղյուսակի 103-րդ հորիզոնականում է, նրա կարողությունը նախորդ տարվա համեմատությամբ չի փոխվել՝ 950 մլն դոլար:
«ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության համահիմնադիրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները զբաղեցնում են վարկանիշային աղյուսակի համապատասխանաբար 134-րդ 135-րդ հորիզոնականները, նախորդ տարվանից երկուսի կարողությունն էլ ավելացել է 50 մլն դոլարով:
«Մեգաֆոնի» և Yota-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը մասնագետները գնահատել են 700 մլն դոլար (անցյալ տարվա համեմատությամբ այդ թիվը չի փոխվել), ըստ այդմ նա հայտնվել է 146-րդ հորիզոնականում:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է ևս մեկ հայ գործարար ABBYY-ի հիմնադիր, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը: Վերջինս Forbes-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել էր 2018թ. և դարձյալ զբաղեցնում էր 200-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ գնահատվել է 500 մլն դոլար:
Ռուսաստանի ամենահարուստ գործարար է ճանաչվել «Նովատէկ»-ի նախագահ Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունը գնահատվել է 24 մլրդ դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ