Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր պատգամավորները հրաժարվել են երաշխավորություն տալ իմ կալանքը փոխելու համար` պատճառաբանելով, որ դեմ կգնան իրենց թիմին, մասնավորապես, Ձեր կամքին». Արթուր Վարդանյան

Ապրիլ 18,2019 12:40

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, ինձ հորդորում են ձեզ նամակ գրել, որպիսի ձեզ տեղեկացնեմ իմ կարգավիճակի մասին։

Ճիշտն ասած, ես զարմացած եմ, որ դուք այսքան անտարբեր եք քաղբանտարկյալների և, առհասարակ, քաղաքական դատավարությունների նկատմամբ։ Չէ՞ որ դուք ինքներդ, տարիներ առաջ, բանտում եք եղել, և ձեզ մեղադրում էին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս գալու համար: Կաշխատեմ պարզ ձևակերպել մտքերս, որպեսզի չշեղվեմ բոլոր տրամաբանական տարբերակներից և իրավիճակներից։

Հիմա ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից ծնված իշխանությունը հանդուրժող է և անտարբեր պատժին և վրեժխնդրությանը, որը տեղի է ունենում գոնե իմ հանդեպ։ Տեսեք, ձեզ մի քանի օրինակ բերեմ. Ձեր կուսակցության որոշ պատգամավորներն ասել են, որ քաղաքական դատավարությունների մեջ չեն ուզում խառնվել, նամանավանդ, ինձ վերաբերող հարցերում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում` միգուցե իմ դե՞մ է հեղափոխություն տեղի ունեցել, միգուցե ձեր կարգախոսը եղել է (քայլ արա, մերժիր Արթուրի՞ն): Եթե դա այդպես է, ես կհասկանամ, թե ինչո՞ւ եմ բանտում և հավատացե՛ք, կհամակերպվեմ, բայց տեղի է ունեցել այլ բան։

Հիշում եմ, տարիներ առաջ բանտում, երբ ձեզ հայհոյում էին, որպես ընդդիմադիր և ոչ միայն ձեզ, ես բազմիցս պաշտպանել եմ Ձեզ ընդդեմ Հանրապետական կալանավորների, մինչդեռ այդ նույն մարդիկ ազատության մեջ են` համաներման շնորհիվ, իսկ ես դեռ բանտում եմ` կալանքի տակ։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր և անարդար չլիներ։ Ես չեմ կարողանում հասկանալ թե ինչպե՞ս սերն ու հանդուրժողականությունը ազդեց երկիրը թալանած մարդկանց վրա, մինչդեռ ես դեռ կալանքի տակ եմ։ Այդպիսի կարծիք է ստեղծվել ինձ մոտ, որ այս հեղափոխությունը ավելի ձեռնտու էր նախորդ ռեժիմին, քան թե հայ ժողովրդին և, հավատացեք, այդ կարծիքը միայն ինձ մոտ չէ ձևավորված ։

Հարգելի պարոն Փաշինյան, միգուցե ձեզ ճիշտ չե՞ն տեղեկացնում, կամ միգուցե Ձեզ սխա՞լ են զեկուցում։ Հավատացե՛ք, կարծիք է ձեւավորվում, որ հեղափոխությունը օրինականացնում է երկիրը թալանած մարդկանց (նախորդ ռեժիմի ) ապօրինությունները և հանցագործությունները, որոնց մասին բազմիցս խոսել եք դուք և որպես ընդդիմադիր պատգամավոր, և որպես հեղափոխությունից հետո գործող վարչապետ։

Հիմա ես, որպես, ՀՀ քաղաքացի և որպես քաղբանտարկյալ, ուզում եմ հասկանալ և ոչ ավել. եթե Ձեր արդարադատության նախարարը ասում է, որ կառավարությունը դեմ է իմ ազատությանը, և դատավորի և դատախազի շնորհիվ ես դեռ կալանքի տակ եմ (ովքեր, իմիջիայլոց, առ այսօր չեն ընդունել, որ հեղափոխություն է տեղի ունեցել), ուրեմն, նշանակում է, որ ես կալանքի տակ եմ կառավարության որոշմամբ, Ձեր ղեկավարությամբ և իմացությամբ։ Ես շնորհակալ եմ, որ պարոն Զեյնալյանը ընդունում է, որ ես քաղբանտարկյալ եմ, բայց չի բացատրում թե ինչպե՞ս է, որ նոր Հայաստանում դեռևս գոյություն ունեն քաղբանտարկյալներ։ Միգուցե դուք կարողանա՞ք ավելին ասել ։

Ասում են, թե Սերժ Սարգսյանը դեռ ստվերում որոշումներ է կայացնում և Դուք չեք որոշում, և, որ իմ կալանքի տակ գտնվելը նախորդ ռեժիմի որոշումն է։ Ես հուսով եմ, որ դուք այդքան թույլ մարդ չեք և ժողովուրդը չի հիասթափվի`հիմնվելով այդ կարծիքների վրա: Համենայնդեպս, իմ առողջական խնդիրներով հանդերձ, զգում եմ պետական ողջ համակարգի ճնշումը ինձ վրա, որպես պատժիչ մեխանիզմ: Արդեն հակված եմ մտածել, որ ձեր խոստումները առ այն, որ (ժամ առաջ, օր առաջ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն ) միայն խոստումներ էին:

Ինչպես տեսնում եմ, նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմը ավելի շահավետ իրավիճակում հայտնվեց շնորհիվ հեղափոխության, քան թե հասարակ մարդիկ։ Մարդու իրավունքները, հասարակ մարդկանց`ՀՀ քաղաքացիների համար, խախտվում են ամեն օր: Ես կողմ եմ ազատ և արդար դատական համակարգին, բայց հուսալ, որ նախորդ ռեժիմի կողմից հրահանգված, կամ միգուցե և հիմա էլ հրահանգվող դատական համակարգը կգործի արդար և անկախ, ճիշտն ասած չեմ հավատում: Անարդարությունները և ապօրինությունները հեղափոխություն առաջացրին և ապստամբության ալիք բարձրացրին պարոն Փաշինյան։ Եղեք արդար հանուն հեղափոխության, հանուն նոր Հայաստանի, հանուն այն սիրո, որ Ձեզ տվեց մեր հուսալքված ժողովուրդը։ Նախագահներ և վարչապետներ շատ ենք ունեցել, իսկ արդարադատության` Ո՛Չ ….

Պարոն Փաշինյան, սա ձեզ ուղղված իմ երկրորդ նամակն է: Առաջին նամակն իմ գրել եմ կալանավայրից, երբ դեռ ընդդիմադիր ԱԺ պատգամավոր էիք, որի պատասխանն այդպես էլ չստացա: Այսօր դիմում եմ Ձեզ, որպես երկրի վարչապետ, և պատասխանատու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Համոզված եմ, որ Ձեզ ինչ որ բան սխալ է զեկուցվել, կամ առհասարակ դուք տեղեկատված չեք։ Պարոն Փաշինյան, երկար ժամանակ է ինչ ապրում էի արտերկրում` Իսպանիայում։ Վերջին տարիներին, մասնավորապես, 2014 թ-ին, կամավոր, իմ նախաձեռնությամբ մեկնեցի Սիրիա, որտեղ իմ գլխավորած փոքր ջոկատով մասնակցել եմ Քեսաբի ազատագրմանը, որի ընթացքում ինձ ՀՀ կառավարության կողմից սպառնացել են և ասել, որ եթե մի օր վերադառնամ ՀՀ` ինձ համար շատ վատ կլինի: Դե իհարկե, ես կարող էի ՀՀ չվերադառնալ: Այս երկրի համար հայրս զոհվել է և ոչ ոք չի կարող ինձ ասել, որ ես այստեղ անելիք չունեմ: Եվ ես շատ հստակ տեղեկացված լինելով, որ հողեր հանձնելու ծրագիր ունեն իշխանությունները, որոշեցի վերադառնալ և կանգնել մեր զինվորների կողքին։ Վերադարձա ՀՀ 2015 թ -ին և ամեն վայրկյան համոզվում էի, որ ամեն մեկս մեր հերթին պիտի պայքարենք տիրող ալան-թալանի ու կեղծիքների դեմ։ Պայքարս սկսեցի թռուցիկներ բաժանելով և ակցիաներ անելով` չունենալով ոչ մի ռեսուրս, կուսակցություն` մեջքիս կանգնած: Կարճ ասած, մեն-միայնակ դուրս եկա մի ռեժիմի դեմ, որը սարսափի մեջ էր պահում մի ամբողջ ժողովրդի և արդյունքում սահմանադրական բարեփոխումներից առաջ ինձ պիտակավորեցին, ձերբակալվեցին, և մեղադրեցին, որ ես ունեցել եմ մտադրություն երկրում անել հեղափոխություն։

Պարոն Փաշինյան, այսօր տեղի է ունեցել հեղափոխություն. իմ ու հայ ժողովրդի երազանքը: Բայց հավատացեք, այնպիսի տպավորություն է ինձ մոտ, կարծես հեղափոխությունն իմ դեմ էր, որովհետեւ ես դեռ շարունակում եմ մնալ բանտում, անհասկանալի է, բայց Ձեր պատգամավորները հրաժարվել են երաշխավորություն տալ իմ կալանքը փոխելու համար` պատճառաբանելով, որ դեմ կգնան իրենց թիմին, մասնավորապես, Ձեր կամքին: Արդարադատության նախարարը, մեր գործի չընդգրկվելը համաներման ցուցակում, պատճառաբանեց, որ դա կառավարության կողմից կայացված որոշում է: Ի դեպ, մեր գործով բոլոր անձիք ազատության մեջ են, իսկ իմ կալանքը փոխելու պահանջով բազմաթիվ միջնորդություններ Արմեն Բեքթաշյանը 6 անգամ մերժել է և վերջին 1 տարվա ընթացքում դատական բոլոր նիստերը միտումնավոր կերպով հետաձգվում են։

Ունենք այսպիսի մի պատկեր, երբ երկրի ղեկավարը, ըստ ձեր հայտարարությունների, չի միջամտում դատական գործընթացներին, արդարադատության նախարարությունը իրականացնում է կառավարության ցանկությունը, դատավորը` լինելով անկախ, այսօր իրականացնում է ապօրինի որոշումներ։ Դուք ինքներդ եղել եք բանտում, նույն ռեժիմի դեմ պայքարելու համար։ Դուք ինքներդ դատապարտվել եք և ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ազատվել եք բանտից, մինչդեռ ձեր որոշմամբ ինձ, մեզ մերժեցիք այդ իրավունքը։

Ես արդեն 3 տարի 6 ամիս է կալանքի տակ եմ, առողջական խնդիրներով հանդերձ, մինչդեռ իմ կարգավիճակը մնում է անորոշ։ Ամենացավալին այն է ինձ համար, որ դա ձեր որոշումն է, որը ինձ համար մինչ առ այսօր անհասկանալի է։ Դուք և ձեր կառավարությունը այսօր փորձում եք արդարություն իրականացնել ամենուր և անկախ այն բանից, որ ես ինքս անձամբ չեմ զգացել ոչ արդարության շունչը, ոչ էլ հեղափոխության շունչը, քանի որ բանտում պատերը հաստ են, իսկ պատուհանները փոքր, բայց հավատում եմ, որ իրոք մարդը բարձրագույն արժեք է այսօր և վաղը մեր ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։

Քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930