Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վահագն Հովակիմյան, ճանաչեք ձեր չափը, սա վերջին դեպքը լինի». լեզվակռիվ ԱԺ-ում՝ Ծառուկյանին անվանարկելու շուրջ

Ապրիլ 18,2019 11:22

ԱԺ այսօրվա նիստում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթը հերթական լեզվակռվի առիթ դարձավ: Նախ, Հովակիմյանն անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե կառավարության կառուցվածքի նախագիծը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է. «Իհարկե հավատում եմ, որ Մարուքյանը մանրաթելերի մակարդակով կարող է տիրապետել այդ կոստյումի մանրամասներին, բայց ընդգծեմ, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, եւ երբեւէ ցանկություն չենք ունեցել ուրիշների կոստյումը կրել, առավել եւս՝ դրա մանրամասներին ծանոթանալ»:

Ապա Վահագն Հովակիմյանն անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, որը երեկ քննադատել էր «Իմ քայլի» պատգամավորներին: Նկատի ունենալով ԲՀԿ-ին՝ Վահագն Հովակիմյանը նշեց. «Պետք է հիշողություն ունենալ եւ հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին: Այդ խմբակցությունից միայն հինգ-վեց պատգամավորներ են ելույթ ունենում, ընդգրկվում միջազգային պատվիրակություններում, եւ դուք դեռ խոսո՞ւմ եք»: Ապա Վահագն Հովակիմյանն ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց դիմացինի աչքի փուշը նկատելուց առաջ իրենց «գերանները» տեսնել:

Գագիկ Ծառուկյանի մասին ասվածը հունից հանեց ԲՀԿ պատգամավորներին: Գեւորգ Պետրոսյանը բղավեց. «Մաթեմատիկայից լա՞վ եք: Նախ ձեր ինչի՞ն է պետք, թե ով քանի անգամ է ելույթ ունենում: Ձեր 88 պատգամավորներից քանի՞սն են ելույթ ունենում: Եկել եք այստեղ, կարծես «յարմրկայում» լինեք՝ կոստյում, վարտիք, անդրավարտիք…նախագծից խոսեք»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց. «Այս դահլիճում որեւէ մեկը մյուսից ավելի խելացի չէ: Պարոն Հովակիմյան, անհարմար է, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել, ճանաչեք ձեր չափը: Սա վերջին դեպքը լինի, որ մեր խմբակցության ղեկավարի հասցեին նման հայտարարություններ են հնչում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Ձեր ղեկավարին խոսել սովորեցրեք: Որ մեկ ուրիշ մարդ լիներ ոչ փողատեր, որևէ մեկդ չէիք անդամակցի այդ այսպես կոչված կուսակցությանը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930