Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը

Ապրիլ 18,2019 10:44

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Կողմ» էր քվեարկել 71, իսկ «դեմ»՝ 40 պատգամավոր: Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց բոլոր առաջարկները մերժվել են. «Այս կառուցվածքը երկար չի գործելու, քանի որ այն ի սկզբանե արդյունավետ չէ, այն պահպանում է սուպերվարչապետական համակարգը, որի դեմ երկար տարիներ պայքար է եղել»:

Նախագծի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ ԼՀԿ-ի առաջարկած կառուցվածքը հիմնված չէ կարիքների գնահատման վրա, մինչդեռ խմբակցությունն իրենց է մեղադրում ուռճացված կառուցվածք ներկայացնելու համար. «Մեզ մեղադրում եք Սերժ Սարգսյանի կոստյումը վերցնելու եւ կոճակներ կտրելու համար: Ձեր կառուցվածքի հիմքում իրականում մեր նախագիծն է, դու մեր նախագծի վրա եք փոփոխություններ արել: Ասում եք, թե մենք երկու կոճակ ենք հանել՝ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունները: Փաստորեն, իրականում հոգու խորքում այդ նախարարություններին դուք վերաբերվում եք որպես կոստյումի երկու կոճակի»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի պնդմանը, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է նախարարություններ դառնան, որպեսզի լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո, Արտակ Զեյնալյանը չհամաձայնեց. «Արդյոք միակ վերահսկողական գործիքը հարցուպատասխա՞նն է: Իհարկե, ոչ, ԱԺ պատգամավորը կարող է գրավոր հարցումներ հղել, նախաձեռնել լսումներ, ԱԱԾ-ի եւ Ոստիկանության պետին հրավիրել խմբակցություն, օգտագործել ԶԼՄ-ների ներուժը, գանգատ ներկայացնել ՍԴ, դիմում հղել վարչական դատարանին: Այս ամենը գործիքներ են»:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի մասին նախագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930