Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Նոր կաբինետում ու նոր նախարարների մեջ կամ բացակայում են պատասխանատվության ինստիտուտից բխող մոտեցումները, կամ դրանք շատ թույլ. «Փաստ»

Ապրիլ 18,2019 10:47

Իներցիան դեռ շարունակվում է: Շատ հանգամանքներ դեռ իրենք իրենցով են տեղի ունենում, իրենք իրենցով էլ կառավարվում են: Տնտեսական իրավիճակի վերաբերյալ նման կարծիք ունի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերոնշյալը նա կապում է հետևյալի հետ. «Կախված պատասխանատվությունից, պրոֆեսիոնալիզմից, փորձից ու ջանասիրությունից՝ պետական մարմինների ակտիվությունը բավականին լուրջ վերանայման կարիք ունի: Խոսքը մի շարք գերատեսչությունների մասին է: Նշվածի հետևանքով սպասվելիք ռեֆորմներն իրենց ակտիվությամբ և զանգվածայնությամբ հաճախ այդքան ընդգծված չեն լինում: Իսկ քանի դեռ ներքևներում չեն պատկերացնում, թե տնտեսությունը խթանելու և զարգացնելու համար ինչպիսի կարևոր քայլեր պետք է արվեն, այդ նախագծերը դեպի վերև չեն էլ գնում: Երբ կառավարության կողմից ակտիվությունը դեռևս այդքան բարձր չէ, պակասը պետք է լրացնի Ազգային ժողովը: Բայց մենք այստեղ նույն խնդիրն ունենք. պատգամավորների մեծ մասը նոր է, իսկ հանձնաժողովներում ընդգրկվում են նաև մարդիկ, որոնք տվյալ ոլորտի մասնագետ չեն»:

Այդուհանդերձ, նա կարևորեց բիզնես միջավայրին մի փոքր այլ մոտեցում ցուցաբերելու հանգամանքը: «Կառավարությունը պետք է ավելի սիրով ու ջերմությամբ խոսի իր էկոնոմիկայի լիդերների և էկոնոմիկան կրողների մասին: Խոսքը բիզնեսի և գործատուների մասին է: Ընդհանուր վերաբերմունքը միայն դրական պետք է լինի: Իսկ նման վերաբերմունք չցուցաբերելը որոշակի խոչընդոտներ է առաջացնում: Դա հոգեբանորեն ազդում է նաև ներդրողների վրա, կարող են սպասողական նոր իրավիճակներ առաջանալ, ինչը լավ չէ: Վերջին մի շարք իրադարձություններից հետո որոշ ներդրողներ մեզ արդեն հարցեր են տվել: Հարցրել են՝ դա չի՞ ազդում, կամ՝ ի՞նչ եք կարծում, սա լա՞վ է, թե՞ լավ չէ»,-ասաց նա՝ կարևորելով տնտեսական շահը հաշվի առնելու հանգամանքը: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, նա նշեց, որ նախկինում ևս շատ լավ անուններով տարբեր ռեֆորմների վերաբերյալ պատմություններ են լսել, բայց դրանք այլ արդյունքներով են ավարտվել:

«Ես ուզում եմ ասել, որ եթե պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտը չփոխվի, ինչքան էլ լավ անուններ դնեն, միևնույն է, որոշ ժամանակ անց կտեսնենք, որ նույն բաներն ենք անում կամ չենք էլ անում: Նոր կաբինետում ու նոր նախարարների մեջ կամ բացակայում են պատասխանատվության ինստիտուտից բխող մոտեցումները, կամ դրանք շատ թույլ են: Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հանդիպումներ և քննարկումներ կազմակերպի, որ խնդիրները սպառվեն: Իսկ երբ տեսնում ենք, որ խնդիրները չեն սպառվում, հանդիպումներ չեն լինում, չեն արձագանքում, վատ են արձագանքում, հաճախ պատասխանը «գլխառադ» են անում կամ ընդհանրապես չեն տիրապետում, ստիպված գնում ենք ավելի վերև, որովհետև մնացածը չեն կարողանում լուծել խնդիրները: Սա լավ տպավորություն չի թողնում: Վարչապետի թիմում դեռ շատերը պետք է վերապատրաստվեն, որ կարողանան հանդես գալ որպես գերատեսչության ղեկավար»,-ամփոփեց Գ.Մակարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930