Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 25-ին «Արի, պարի Քոչարի» ֆլեշմոբը կրկին կհամախմբի հայերին

Ապրիլ 18,2019 10:24

Հայկական ավանդական Քոչարին ոչ միայն մեր մշակույթի այցեքարտերից մեկն է, այն նաև հայ ժողովրդի ինքնության, ինքնաարտահայտման մի մասնիկը, որ ապրում է յուրաքանչյուրի հոգում` անկախ բնակության վայրից ու տարածությունից:

Քոչարին նաև համախմբման մեծ ուժ ունի, որը դարձել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տուն» միության հերթական նախաձեռնության առանցքը:

Նախաձեռնությունն առաջին անգամ անցկացվեց 2018թ. մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի 1-ին Հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի հիմնադրման    2800-ամյակներին:

Սա մի փորձ էր համախմբելու աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության և մեր փառավոր հաղթանակների: Աշխարհի հայությանը միացավ նաև Սևան համայնքն իր պարային համույթներով:

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ֆլեշմոբի հեղինակներին միացել էին Իզերի դեպարտամենտը, Գրենոբլի քաղաքապետարանը, աջակցում էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լիոնի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը:

Ֆլեշմոբի առաջին և հաջողված փորձն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի այն ունենա շարունակություն:

Ինչպես նշում է «Արի, պարի Քոչարի» նախագծի հեղինակ և համակարգող Սիրանուշ Խաչատրյանը, այս տարվա ծրագիրը նվիրված է Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:

«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը` աշխարհասփյուռ հայերին Քոչարու շուրջ համախմբելուն, այս տարի ընտրել ենք Կարնո քոչարին` որպես մասնակցության համար առաջնային պար,- նշում է Սիրանուշը և հավելում,- քչերը գիտեն, որ Կոմիտասը գրի է առել նաև պարեր, որոնցից մեկն էլ Կոմիտասի Շորոր-ն է: Առաջարկում ենք նաև պարել Շորոր-ը»:

«Արի, պարի Քոչարի»-ին մայիսի 25-ին կրկին կհամախմբի աշխարհի հայերին Քոչարու շուրջ:

Սևան համայնքն այս տարի էլ կունենա իր մասնակցությունը. այս օրերին համայնքում գործող տարբեր համույթներ պատրաստվում են ներկայացնելու մասնակցության հայտեր:

Սևանի մի քանի պարային համույթներ իրենց մասնակցությունը կունենան համահայկական այս յուրահատուկ ֆլեշմոբին` միանալով տարբեր մայրցամաքներում գործող, հայկական մշակույթն ու հայ ոգին պահող պարային համույթներին:

Հայաստանի և աշխարհասփյուռ հայերին համախմբող Քոչարի պարը տեսագրվելու և տեղադրվելու համացանցում:

Նախագծի կազմակերպիչները վստահ են, որ ֆլեշմոբի մասնակիցները զարմացնելու, հիացնելու, ապրեցնելու են իրենց պարով` դառնալով այս ինքնատիպ նախաձեռնության կյանքի կոչողներն ու գլխավոր հերոսները:

Հավելենք, որ պարերի մասին համառոտ տեղեկությունները և ուսուցողական հոլովակները զետեղված են Արի, պարի Քոչարի ֆեյսբուքյան էջում և aripariqochari.com կայքում:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930