Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վտանգավորը ճահիճն է

Ապրիլ 18,2019 10:00
vark

Ներկայիս հասարակական-քաղաքական բառապաշարում ամենահաճախ կիրառվող բառերից են «զոմբին» եւ «սաբոտաժը»: Դրանք իմ գիտակցության մեջ տպավորվել են ոչ այնպես, ինչպես հիմա են կիրառվում: «Զոմբին» ինձ համար գիշերը գերեզմանից դուրս եկող հանգուցյալ է՝ ամերիկյան «սեւհումորային» ֆիլմերի հերոսը: «Սաբոտաժնիկներն» իմ ընկալմամբ բոլշեւիկյան քարոզչության կերպարներ են՝ թե՛ «կուլակներն» են, որոնք իրենց ամբարներում թաքցնում էին ցորենը ՝ չցանկանալով այն հանձնել կոլխոզին, թե՛ ցարական Ռուսաստանից մնացած մասնագետներն են, որոնք երազում են ցարիզմի վերադարձի մասին, թե՛ անգամ «բուրժուական ինտիլիգենտները», որոնք չեն հասկանում հեղափոխության ողջ հմայքը:

«Զոմբի» բառի արդի հայկական իմաստը խիստ տարբերվում է «հոլիվուդյան» ընկալումից: Այդպես էին կոչում 2008 թվականից սկսած Տեր-Պետրոսյանի ֆանատներին, որոնք մնացած բոլոր քաղաքացիներից պահանջում էին իրականությունն ընկալել եւ բնութագրել ճիշտ այնպես եւ ճիշտ այն բառերով, ինչպես իրենք են ընկալում եւ բնութագրում: 2018-ին նրանց միացան Փաշինյանի երկրպագուները, որոնք այնքան են բոցավառված հեղափոխությունից, որ փրփուրը բերանին արդարացնում են իշխանության ցանկացած քայլ եւ «պատռում են» բոլոր այն մարդկանց «դիմակները», որոնք համարձակվում են որեւէ թերություն նկատել: «Զոմբի» բառն այդպիսով հիմա օգտագործում են ներկայիս իշխանության ընդդիմախոսները:

«Սաբոտաժնիկի» կերպարը, հակառակը՝ կերտում են իշխանությունները եւ նրանց կողմնակիցները: Ըստ այդմ, դրանք այն մարդիկ են, հիմնականում պետական ծառայողներ, որոնք անօրինական եկամուտներ ունեին նախորդ իշխանության ժամանակ (օրինակ, կաշառք էին վերցնում), իսկ հիմա այդ ամենից զրկվել են, դժգոհ են այդ հանգամանքից եւ հիմա միտումնավոր վատ են աշխատում:

Պետք է ասել, որ մեզանում գոյություն ունեն ե՛ւ «զոմբիներ» (ընդդիմության ընկալմամբ), ե՛ւ «սաբոտաժնիկներ» (իշխանության ընկալմամբ): Բայց նախ՝ պետք է հաշվի առնել, որ առաջին խումբը մշտական չէ, նվազման միտումներ ունի՝ այդպես կլինի, նույնիսկ եթե իշխանությունները հոյակապ աշխատեն: «Սաբոտաժ անողները» նույնպես կպակասեն, երբ կհասկանան, որ իրենց ջանքերն ապարդյուն են՝ վստահ եմ, որ դա էլ է ամիսների հարց: Երկրորդ՝ պետք չէ կպցնել «զոմբիի» կամ «սաբոտաժնիկի» պիտակ բոլոր այն մարդկանց, որոնք ձեզ դուր չեն գալիս:

Բայց առավել կարեւոր հանգամանքն այն է, որ այդ երկու կատեգորիաները չեն, որ ամենամեծ վտանգն են ներկայացնում մեր պետության համար: Ամենավտանգավորը ճահիճն է՝ կրավորական, անգործունյա մարդիկ, որոնք ոչ մի բան չեն ձեռնարկում, բայց միշտ իշխանությունից ինչ-որ բան են սպասում եւ մշտապես փնթփնթում են, բողոքում, տրտնջում: Հիմա էլ նրանց «լեյտմոտիվն» է դարձել՝ «Է~հ, Նիկոլն էլ էս երկիրը չդզեց» հոգոցը: Եթե ուզում եք իմանալ, ամենամեծ «զոմբիությունն» ու «սաբոտաժը» նման մտածելակերպն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    `ինչ-որ բան են սպասում եւ մշտապես փնթփնթում են, բողոքում, տրտնջում`
    Եթե երիտասարդության եռանդը շարժիչն է, ապա տարիքավորների իմաստությունը՝ ղեկն է ու երկուսի ներդաշնակ աշխատանքի շնորհիվ պետությունն ու ազգը կբարգավաճեն: Խնդիրը երկուստեք է, մի կողմից տարիքավորներն իսկապես պետք է պետության ճակատագրի ողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա եւ այն չթողնել երիտասարդության ուսերին եւ այն ապուշությունները, թե կառավարության ջահելութունը փորձ չունի, սխալներ շատ է անում՝ սրա մեղավորը մեծերն են, եթե մեծերի հանդեպ նրանք վստահություն չունեն ու չեն դիմում մեծերին խորհուրդ հարցնելու, ո՞վ է մեղավոր, եթե երեխան վատ է սովորում, երեխա՞ն է մեղավոր, թե դասատուն: Իսկ եթե երեխան հարգի, սիրի իր դասատուին, նա ոչ միայն լավ կսովորի, այլեւ կտա կանցնի իր դասատուին, որն էլ դասատուի նպատակը պետք է լինի: Կարճ ասած, մեծահասակները իրավունք չունեն ընդդիմություն խաղալու, նրանք պետք է ամեն գնով գրավեն երիտասարդության վստահությունն ու միայն այդ ճանապարհով իրենց իմաստուն գաղափարները փոխանցեն երիտասարդությանը, դրա համար արժեր մեծահասակ մասնագետների մասնագիտական ավագանիներ ստեղծել:

  2. Հ.Շ. says:

    Ամերիկեան ֆիլմերը չէ որ հնարած են «զոմբին»: Մահից վերադարձող այդ ապշած էակի նախնական ծագումը Հայիթիյէն կու գայ: Ուր մեռեալը իբրեւ թէ կը վերադառնար այդպէս մօտաւոր կեանքի մը, կախարդութեան միջոցաւ: Հայաստանի պարագային ուրեմն, այստեղ կարելի է յիշել նշանաւոր «կախարդական փայտիկ»ը… Իսկ նաեւ, Հայիթեցի այն մոգերը որոնք այդպիսի «յարութիւններ» (մեղա Տէր, այդ ալ Զատիկի շրջան ենք…) կ’իրականացնէին, իսկութեան մէջ վարպետ աճպարարներ էին անշուշտ…
     
    Գալով Հայաստանի այս օրերի խափանարարներին, որոնք ամէն առիթով կը ջանան վարկաբեկել երկրի եւ պետութեան այժմու ներկայացուցիչները, անոնք իրենց այդ իսկ վարքագծով լաւապէս փաստում են որ նախկին իշխանութիւնը արժանի չէր իր հեղինակութեան: Ատենին թող ջանային դէմ դնել: Մեյ մը – արագօրէն – յանձնուել է ետք, հիմա այսպէս՝ ներքեւից ու կռնակից տեւաբար հարուածելը, տկարի, վախկոտի գործ է: Եւ նաեւ, կը ցուցաբերէ հայրենասիրութեան տարրական ըմբռնողութեան չգոյութիւն:
     
    Դասական Սփիւռքը ամենաճիշդ կեցուածքը ունեցաւ եւ ունի, անգամ մը եւս, այս խնդրին մէջ: Փողոցային յիմար իրարանցումի ժամանակ, ան մնաց չէզոք, կրաւորական (մի հատ, մի՛ հատիկ յայտարարութիւն գտէք, դասական Սփիւռքի ոեւէ աւանդական, mainstream կազմակերպութեան մը կողմէ), որ իսկական զօրակցութիւն կը հանդիսանար փաշինյանական քայլարշաւին եւ յաջորդող ապուշութիւններուն): Սակայն հիմա որ այս է, Հայաստանի պաշտօնական իշխանութիւնը, տեսնում էք արդէն որ կամաց-կամաց դասական Սփիւռքը զօրաւիգ է կանգնում անոր: Իսկ այստեղ ծիծաղելի է խօսիլը որեւէ պատեհապաշտութեան մասին, քանի որ այդ Սփիւռքը միայն տալիք, միայն կորսնցնելի՛ք ունի այս մօտեցում, ի դիմաց՝ զեռօ շահի: Այս ըմբռնողութեան երբ որ հասնի մեր կովկասահայերի մեծամասնութիւնը – ներառեալ անոնք որոնք իրենց երկիրը լքած են – , այն ատեն կարելի կը դառնայ ճահիճէն դուրս ելլել:
     
    (Եթէ Քոչարյանի խնդիրն ալ յաջողին բանակցութեամբ, հաշտութեամբ լուծել, արդի Հայաստանի պատմութեան  այս էջն ալ վերջնականապէս կը դարձուի, եւ դարձեալ կը գնանք առաջ: )

  3. Ruben says:

    Դուք հավանաբար մոռացել եք նախկին «աբիժնիկների» ու ներկայիս «պռավակատրների» կատեգորիաների մասին:
    Նախկինում, ով դեմ էր Լեւոն Տ. Պետրոսյանին՝ նա «աբիժնիկ» էր:
    Այժմ, ով դեմ է Նիկոլ Փաշինյանին՝ նա «պռավակատր» է:
    Սա է ամբոխի գիտակցության մակարդակը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930