Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի խաղաղության եւ Մեհրիբան Ալիեւայի ցեղասպանության քարոզը

Ապրիլ 18,2019 14:00

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

– Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում խոսելով Արցախի բանակցային գործընթացից՝ նշել էր, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից, ինչը շատ կարևոր է։ Ձեր կարծիքով, այդ կետն ի՞նչ ուղղությամբ կտանի բանակցությունները:

– Բանակցային գործընթացը նախկին իշխանությունների շնորհիվ մտել էր վտանգավոր, հակահայ դաշտ: Վարչապետը միջազգային ամբիոնի իր ելույթում բարձրաձայնեց մոտեցումներ և բանաձևեր, որոնք միջոց կհանդիսանան կոտրելու արդեն երեսուն տարիներ Հայաստանի Հանրապետության և Արցախյան բանակցային գործընթացի հանդեպ արհեստականորեն ձևավորված ու կարծրացած հակահայ մթնոլորտն ու բառամթերքը: Վարչապետը բազմիցս խոսել է բանակցություններում Արցախի ուղիղ մասնակցության մասին, որտեղ որոշվում է հայության այդ հատվածի ճակատագիրը, ու ոչ միայն: Նա բարձրաձայնել է, որ բանակցային գործընթացը պետք է տարվի բացառապես խաղաղության հաստատման համատեքստում և պարզաբանել է, թե որն է հայության համար խաղաղության պատկերացումն ու բանաձևը, և պնդել է հենց նման խաղաղության հաստատման օրակարգի վրա: ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետի ելույթում և պատգամավորների հարցերին տրված պատասխաններում հնչած քաղաքական խնդիրների և բանաձևերի շուրջ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը իր գործունեության ընթացքում բազում անգամներ բարձրաձայնել է, սակայն նախորդ իշխանությունները մնացել են անհաղորդ:

Ստորև կանդրադառնամ վարչապետի կողմից հնչած այն քաղաքական խնդիրներին և բանաձևերին, որոնք առանցքային կարևորություն ունեն Արցախյան բանակցային գործընթացի արդարացի և հայամետ լուծման համար.

1. Վարչապետը իր ելույթում հիմնավորված մեղադրանք բարձրաձայնեց ԵԽԽՎ-ի և այլ միջազգային կառույցներին` դրանց գործունեության հետ կապված, երբ ակնառու են միջազգային կազմակերպություններն «աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը»: Նա շեշտեց, որ ԵԽԽՎ-ի ամբիոնը կիրառվեց 2016թ. ապրիլի ոչնչացման պատերազմը սկսելու համար. «Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՝ Հայաստանի, թե՝ Լեռնային Ղարաբաղի, թե՝ Ադրբեջանի համար»:

2.Փաշինյանը վստահ է, որ «կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ, և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ»: Սա էլ անհրաժեշտ ու բավարար հիմք է, որ հակամարտության կարգավորման հարցով բացառապես զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ համատեղ:

3. Փաշինյանը մեղադրանք է առաջ քաշում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպան և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ջատագով իրեն հայտարարած միջազգային կառույցին` ասելով, որ ԵԽԽՎ-ն «զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին», չի սատարում Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանը, միայն այն պատճառով, որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն չի ճանաչված, դրանով էլ շրջանցվում է մարդն ու նրա իրավունքները: Փաշինյանը կոչ է անում Եվրոպայի խորհրդի և դրա բոլոր կազմակերպություններին աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ելնելով այն սկզբունքից, որ գերակա արժեքը մարդն է: Անշուշտ, տեղին կլիներ, որ Փաշինյանը այստեղ առանձնացներ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիրը, որոնք ցեղասպանությունից փրկություն գտան չճանաչված Արցախի Հանրապետության տարածքում, սակայն ոչ մի միջազգային կառույց, և հենց ՄԱԿ-ը, երբևէ չեն հետաքրքրվել ու հոգ չեն տարել այդ փախստականների համար, դրանով էլ բացահայտելով իրենց հակամարդ վերաբերմունքը:

4.Առաջին անգամ հայ իշխանավորը, հանձինս Փաշինյանի, ընդհանրապես խոսեց օկուպացիա բառի դեմ՝ այն էլ եվրոպական ամբիոնից, հաստատելով, որ «… այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող ենք շատ շարունակել»: Հայկական նախորդ իշխանավորները մի մեծ փորձության մեջ են ներքաշել հայությանը, համաձայնելով ազատագրված տարածքների կարգավիճակի օկուպացված լինելու հետ: Այո՛, հենց այս հասկացության միջոցով է, որ անընդհատ հայկական կողմը ներկայացվել է որպես ագրեսոր, ու դրանով էլ խրախուսվել ու արդարացվել է ցեղասպանի կողմից ռազմատենչ գործողություններն ու ոչնչացման պատերազմի վերսկսումը 2016 թվականի ապրիլին: Վարչապետը «օկուպացիա» բառի դեմ իր խոսքը արդեն ամրացրել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կողմից`ազատագրված տարածքներում արված այն հայտարարությամբ, որ այս տարածքներում պետք է շարունակել վերաբնակեցումը:

5.Վարչապետի «օկուպացիա» բառի դեմ քայլը կարևոր էր նաև նրանով, որ հիմք դրվեց քննարկման օրակարգ ներառելու խնդիրը այն մասին, թե այս կոնֆլիկտում ո՞վ է ագրեսորը, և ո՞վ զոհը, ու դրան հաջորդող հարցը` ե՞րբ և ինչպե՞ս է ծագել կոնֆլիկտը: Պատահական չէ, որ ցեղասպան ռեժիմը այսօր էլ տենդային քայլեր է անում միջազգային հանրության առաջ ուժի մեջ պահելու համար թե՝ կոնֆլիկտի կեղծված բնույթը, և թե՝ դրա բացահայտ սրման ժամանակը, կրկնելով կեղծիքը, որ իբրև կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, ու իր ցեղասպանական նկրտումները փորձում է կոծկել «օկուպացիա» բառով: Ու դրան զուգահեռ՝ ցինիկությամբ բացահայտում է իր կողմից շարունակական պահվող ցեղասպանական ոտնձգությունները հայության հանդեպ:

6.Վարչապետը ԵԽԽՎ-ում բարձրաձայնեց, որ «ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին…» ու հայտարարեց իր՝ որպես քաղաքական գործչի, մի շատ բնական դիրքորոշման մասին, այն է հայամետ լինելու մասին, իսկույն ևեթ բացելով, թե ինչ է իր համար հայամետ լինելը: Փաշինյանը իր խոսքում հաստատում է, որ ժողովրդավարությունը «արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մեր ժողովրդի մենթալիտետից և մեր ժողովրդի ձգտումներից և ցանկություններից»: Պետք է կարծել, որ այդ նրբություններն ու մեխանիզմները կլինեն բանակցային գործընթացի բովանդակության այնպիսի փոփոխման հիմքում, ինչի շուրջ արդեն վարչապետը բարձրաձայնել էր, երբ հաշվի կառնվեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հայության շահերը, Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված ժողովուրդների շահերը: Այդ շահերի պաշտպանության դիրքերից է ելնում բանակցային գործընթացի հիմքում ընկած կեղծիքի ապամոնտաժման անհրաժեշտությունը և ճշմարիտ իրողության հենքի վրա` նոր բովանդակությամբ, բանակցությունների ընթացքը:

Նախորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան մի հանդիպման ժամանակ խոստովանել էր, որ բանակցային գործընթացում կա արտաքին ճնշում, երբ պարտադրում են չքննարկել մինչև 1992 թվական ընկած իրողությունները, ինչը ուղղակի նշանակում էր տեղ չտալ ճշմարտությանը, ու բանակցությունները ուղղորդված տանել բացառապես կեղծիքի դաշտում: Սրա արդյունքում էլ մինչ օրս շրջանցել են ճշմարիտ իրողությունը, որն է`

1) Ադրբեջանի իշխանությունների կողմից դրա վերասկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ վայրերում 1987-1992 թվականներին տեղ գտած ցեղասպանությունը մի դրվագ է ավելի քան հարյուր երեսուն տարիներ հայության դեմ ձգվող ցեղասպանության:

2) Ռեժիմը կոնֆլիկտի մեջ էր իր ազգությամբ հայ քաղաքացիների հետ, ինչն էլ նշանակում է, որ կոնֆլիկտը ներադրբեջանական է:

3) Երբ 1918 թվականին ցեղասպանության հենքի վրա ստեղծվեց այդ պետությունը ու այն դրվեց ցեղասպանության ծիրում` հայության հանդեպ ցեղասպանությունը շարունակվեց հետագա խորհրդային տարիներին` քողարկված ու սողացող:

4) Վերջինս բացահայտ ու սանձարձակ սկսեց գործել 1987 թվականից` աշխարհաքաղաքական անկայուն վիճակում, երբ խորհրդային համակարգը փլուզման մեջ էր:

5) Արդյունքում, 1987-1992 թվականներին Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայության հատվածը, ավելի քան 700 000 հայեր, դարձան փախստականներ ու ցրվեցին աշխարհով մեկ:

6) Հայության ինքնապաշտպանական գործողությունները կասեցրին ցեղասպանության առաջընթացը դեպի Արցախ, բռնկվեց պատերազմ, որի արդյունքում ցեղասպանից ազատագրվեցին տարածքներ:

7) Ցեղասպանից ազատագրված տարածքներին տվեցին օկուպացված կարգավիճակը, արգելափակեցին հայ փախստականների՝ այդ տարածքների իրավատիրոջ, վերաբնակեցումը հենց այդ տարածքներում, որպեսզի թեժ ու կառավարելի պահեն տարածաշրջանը:

Պահպանելով միջազգային քննարկման ձևաչափը` Արցախի ներգրավման պայմանով, բանակցային գործընթացի համար առանձնակի կարևորության խնդիր է կամայականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ժողովուրդների իրավունքների հարցը: Այսօր էլ ժողովուրդները կրում են ֆաշիստական այդ ռեժիմի բեռը, վտանգված է նրանց ինքնության ու մշակույթի պահպանումը, նրանց ներդաշնակ զարգացումը, նրանք ներգրավված են հայատյաց քաղաքականության մեջ, մի քաղաքականություն, որից ուղղակի տուժում են նաև հենց այդ ժողովուրդները: Ասածիս վառ ապացույցն է վերջերս թալիշական ժողովրդի իրավունքների վերականգման համար պայքարող Ֆահրադին Աբոսզոդայի ձերբակալությունը: Թալիշ ժողովրդի ճակատագրով մտահոգ նրա զավակները հետապնդվել, ոչնչացվել են, ու այսօր Աբոսզոդայի ճակատագիրը նույնպես վտանգված է: Այս առումով էլ շատ արդիական է մեր երկխոսությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ժողովուրդների հետ:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի մշակած բանաձևերի համաձայն` Արցախյան բանակցային գործընթացի երեք հիմնասյուներն են` հայության դեմ հարյուր երեսուն տարիներ շարունակվող ցեղասպանության փաստը, 1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ից ազգությամբ հայ քաղաքացիների դեմ տեղ գտած ցեղասպանությունը դրա մի դրվագն է, և երրորդը` Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված ժողովուրդների ճակատագրի խնդիրն է: Այս հիմնասյուներն էլ տարածաշրջանի խաղաղ ու ներդաշնակ զարգացման եզակի անհրաժեշտ պայմաններն են:

– Հակասական ընկալումների, գնահատականների, նաեւ քննադատությունների է արժանանում Աննա Հակոբյանի`«Կանայք հանուն խաղաղության» արշավը, մանավանդ, «Ամերիկայի ձայնին» տված նրա հարցազրույցի հատվածը, որտեղ բացատրում է. «Այսինքն՝ այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է եւ նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի»։

– Վարչապետի տիկինը «Ամերիկայի ձայնին» տված իր հարցազրույցում դիմելով նաև Ադրբեջանում ապրող մայրերին ասում է. «… նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի»: Աննա Հակոբյանի այս խոսքը և վարչապետի ցանկությունը՝ դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված ժողովուրդներին և խոսել նրանց հետ, նույն համատեքստում են: Ես շեշտեցի, որ այդ ժողովուրդները ներքաշված են ռեժիմի ցեղասպանական քաղաքականության մեջ ընդդեմ հայության, ինչը նաև այդ ժողովուրդների համար է աղետ: Բաքվում զնդանված Ֆահրադին Աբոսզոդան բազմիցս է դիմել իր ժողովրդին, ասելով, որ «թալիշ ժողովուրդը բազում տարիներ պայքարում է իր ազատության և անկախ պետության կառուցման համար, ու Արցախի դեմ տարվող կռիվը իրենց` թալիշների կռիվը չէ, որ թալիշները բարոյական իրավունք չունեն մասնակցելու օտարի կռվում, որ մղվում է Արցախի դեմ, երբ բազում զոհեր կրելով` Արցախը վաստակել է իր ազատությունը և հայտարարել է իր անկախությունը: Թալիշները իրավունք չունեն զոհաբերել իրենց զավակներին այդ անիմաստ կռվում»:

– Սուր ընկալումների առիթ տվեց նաեւ ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցի օրը Ադրբեջանի առաջին տիկնոջ արած հայտարարությունն այն մասին, որ հայկական բոլոր գյուղերում ադրբեջանական դրոշ պետք է լինի: Ի՞նչ տպավորություններ են առաջացնում այս զարգացումները:

– Տպավորություննե՞ր… ինչպես արդեն ասացի վերևում` Ադրբեջանը ստեղծվել է հարյուր տարի առաջ հայության դեմ ցեղասպանության հենքի վրա ու դրվել է հենց ցեղասպանության ծիրի մեջ այդ ոճիրը շարունակական պահելու համար: Թե՝ Թուրքիայի, թե՝ Ադրբեջանի արտաքին պետական ռազմավարության առանցքը թուրքիզմի ճանապարհը կասեցնող հայության ոչնչացումն է: Թե՝ ցեղասպան Թուրքիան, թե՝ ցեղասպան Ադրբեջանը երբևէ չեն թաքցրել իրենց այդ ռազմավարությունը, և դրանց ներկայացուցիչները պարբերաբար այդ էլ բարձրաձայնում են: Հայկական պետականությունը մինչ օրս չի մշակել ու ձևակերպել այդ ցեղասպան միավորների հանդեպ ռազմավարություն, ինչը պետք է հենք ծառայի Հայկական խաղաղության ալգորիթմի ձևակերպման համար: Այսօր խաղաղության հանպատրաստի քարոզի ընթացքում տեղ է գտնում խաղաղության արժեզրկումը, ինչը կարող է վտանգել հատկապես հայ երիտասարդությանը: Հայ երիտասարդը սկսում է հասկանալ թե ինչ է խաղաղությունը, երբ ծառայում է բանակում` պետության սահմանագլխին: Այսօր հայ երիտասարդին պետք է բացատրել, որ խաղաղությունը աշխատանքի, պայքարի, զոհաբերությունների արդյունք է, և խաղաղության մեջ ապրելու համար մշտապես պետք է պատրաստ լինել պատերազմին:Խաղաղության հաստատման համար պահանջված է նաև, որ հայկական պետականությունը և համայն հայությունը կազմակերպեն և տանեն ցեղասպանին պատժելու գործընթաց` սկսած միջազգային դատարանում դատական հայցեր ներկայացնելուց: Քանի դեռ չի պատժվել ցեղասպանը, դա միշտ արթուն է՝ հարմար պահին նոր ոչնչացման պատերազմ սկսելու համար, ու տարածաշրջանում խաղաղությունը վտանգված է: Ու այս մասին էլ ակնարկում է վարչապետը ասելով, որ «…որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրների, պետությունների, ժողովուրդների»:

– «Սասնա ծռեր» կուսակցությունը գործընթաց է նախաձեռնել`Արցախը Հայաստանին մարզի կարգավիճակով միավորելու: Նաև, հայտարարվեց դեպի Արցախ հերթական ավտոերթի մասին, ինչը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կոշտ քննադատեց: Այս գործընթացներին ինչպե՞ս եք վերաբերվում:

– «Միացումը», որը իրավական հենք ստացավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ին համատեղ որոշումով, հետագա երեսուն տարիներին խորացել և այսօր հիմնականում իրողություն է դարձել: Թեև հայկական ապաշնորհ ու քաղաքական կոռուպցիայի դաշտում գործող իշխանությունները որևէ ձևով չեն զարգացրել իրավական դաշտը, եթե չասենք, որ արգելափակել են, իսկ իրական կյանքում միացումը ավելի քան կայացել է: Ես բազում ու տարաբնույթ քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում լսել եմ կարծիքներ՝ մի դեպքում, որ պետք է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթաց, հետո միայն կայացնել երկու միջազգային սուբյեկտների միացումը, մյուս դեպքում, որ կենսական պահանջ է կայացնել միացումը` 1989 թվի դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա: Անցյալ տարի Հայ մասնագետների խորհրդի հետ, որպես Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող այցելել եմ Արցախ, հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Արտաքին գործոց նախարարի և կառավարության բարձրադիր պաշտոնյաների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկման առանցքային խնդիրներից մեկը եղել է «Միացման» գործընթացը: Եվ այսօր ինձ համար միանշանակ է, որ Արցախի իշխանությունները այդ գործընթացին վերաբերվել են խնամքով և ճկուն: Արցախում այդ օրերին փորձագիտական և մասնագիտական քննարկումների ժամանակ հնչեցին առաջարկներ, որ անհրաժեշտ է մշակել և ձևակերպել իրավական քայլեր ու փաթեթներ, որոնք կամբողջացնեն ու իրողություն կդարձնեն «Միացումը» նաև իրավական դաշտում:

Ես գտնում եմ, որ պահանջված է կազմակերպել և ակտիվացնել փորձագիտական և մասնագիտական քննարկումները «Միացման» գործընթացի իրավական փաթեթի մշակման և դրա իրագործման քայլերի համար: Այսօր, երբ սիրո և համերաշխության հեղափոխության ընթացքը խեղող երևույթները ժամանակ առ ժամանակ թանձրանում են, «Միացման» գործընթացի շուրջ ստեղծված այս անհեռատես իրավիճակը կարող է պառակտիչ լինել: Հայության համար բարձր ու անհերքելի արժեք է «Միացումը», և պահանջված է զուսպ ու խնամքով վերաբերմունք այդ արժեքին:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

17.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930