Պահնորդների մասին հրապարակումս գրելու շարժառիթը վերջերս «Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեսածս էր. պահնորդները ռազմական ոստիկանության համազգեստով էին, իսկ նրանց ղեկավարն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԱԾ գնդապետի հագուստով
Առաջին դեպքը չէ, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով որեւէ ընկերություն հայտ է ներկայացնում, հաղթող է ճանաչվում, իսկ հետո «հաղթողը» հայտնվում է լուսանցքից դուրս:
Օրեր առաջ «Առավոտն» անդրադարձել էր պաշտպանության նախարարությանը ախտահանիչ միջոցներ մատակարարող ընկերություններից մեկին, որը նույնպես հաղթել էր հայտարարված մրցույթում, սակայն հետագայում նախընտրել էին մրցույթին կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպության հայտատուին շնորհավորել, ինչի կապակցությամբ ընկերությունը ստիպված էր դատական կարգով հանդես գալ իր խախտված իրավունքները պաշտպանելու համար:
Դատական կարգով կվիճարկվի մի այլ խախտում եւս, որն «Առավոտի» տեղեկություններով, առնչվում է թիկնապահների եւ պահնորդների իրավունքների մասին օրենքի խախտմամբ հայտ ներկայացնելուն, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելուն:ծ
Կարդացեք նաև
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ գնումների հետ կապված բողոքներ առկա են այս տարվա փետրվարի 6-ից, եւ այն կախված է մասնավոր պահնորդական ընկերություններից մեկի՝ «Պահապան» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերի հետ:
Այս ընկերության անունը կապված է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Կոստանդյանի հետ, որը 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հաձնաժողովի անդամ: Նշենք, որ «Պահապանի» բողոքը բավարարվել էր, եւ պարտավորեցվել էր անվտանգության եւ պահնորդական ծառայությունների ձեռքբերման նպատակով էլեկտրոնային աճուրդի հանձնաժողով ընդունել ՍՊ ընկերության հաղթող ճանաչելու մասին որոշումը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին մատուցվող պահնորդական ծառայությունների վերաբերյալ տրվել են տվյալներ, որոնք կասկած են հարուցում, իսկ գնումների գնացուցակն էլ օրենքի խախտումներով է:
«Գր. Լուսավորիչ» հիվանդանոցը ցանկացել էր պահնորդներ, որոնք պետք է ունենային օրենքով սահմանված կարգով որակավորում: 16 պահնորդի փոխարեն «Պահապանը» ներկայացրել է 10 հոգու կեղծ վկայական: Օրենքը սահմանել էր պահնորդի կարգավիճակը. «Պահնորդը պահպանվող օբյեկտների, մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերի, շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների, տրանսպորտային միջոցների պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող եւ կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձն է»:
Ինչ վերաբերում է նրանց գումարի չափին, ապա ինքնարժեքից ցածր գնով է պահնորդ «ընդունվել». նախատեսված 95 000 դրամի փոխարեն՝ 65 000 դրամ է ներկայացվել:
Բուժհաստատությանը ներկայացված պահնորդների տվյալները հաստատված էին «Պահապանի» կնիքով, մինչդեռ, ուսումնական կենտրոնի՝ դասավանդող կազմակերպության թույլտվություն պետք է տար ԿԳՆ-ն, «Պահապանը», որպես այդպիսին՝ չունի: Ժամանակին մամուլում բարձրաձայնվեց մեկ այլ՝ «Յունի Պրոյեկտ» ուսումնական կենտրոնի մասին, որը կրթում էր պահնորդների: Մինչդեռ, որքանով տեղյակ եմ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում իրականացվում են նաեւ «Պահնորդական գործ» մասնագիտությամբ «Պահնորդ» որակավորման վճարովի դասընթացներ՝ 10 ուսումնական օր տեւողությամբ:
Քաղաքացիական կազմակերպությունների աշխատակիցների եւ անհատ քաղաքացիների համար կազմակերպում են նախնական մասնագիտական կրթության «Թիկնապահական գործ» մասնագիտությամբ «Թիկնապահ» որակավորման վճարովի դասընթացներ՝ 3 ամիս տեւողությամբ: Կրթահամալիրը մենաշնորհ ունի միայն հատուկ դասընթացի՝ հրազենի կիրառման դասընթացների համար:
Մասնավոր ընկերությունները մեկ պահնորդին վերապատրաստելու համար 25 000 դրամ են ծախսում:
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում պահնորդական գործունեություն էին իրականացնում թվով 28 կազմակերպություններ, այսօր դրանց թիվը 65 է:
Տարիներ առաջ, երբ օրենքն էր ընդունվում եւ Հայաստանում դեռ չկային 65 պահնորդական ընկերությունները, հագուստի համար կար հետեւյալ սահմանված նորմը. «Հոդված 14. Պահնորդի (թիկնապահի) համազգեստը, վկայականը, զենքը, հատուկ եւ տեխնիկական միջոցները.
1. Պահնորդական կազմակերպությունը պարտավոր է պահնորդին (թիկնապահին) տրամադրել հատուկ համազգեստ, անձը հաստատող վկայական, զենք, հատուկ եւ տեխնիկական միջոցներ:
2. Հատուկ համազգեստը տեսանելի կերպով պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը եւ պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը:
3. Պահնորդն իրավունք չունի համազգեստ կրելու` չլինելով պարտականությունների կատարման մեջ, բացառությամբ մասնավոր պահնորդական կազմակերպության շենքում կամ դրա հարակից տարածքում գտնվելու դեպքերի: Իր պարտականությունները կատարելիս պահնորդը պարտավոր է կրել համազգեստ: Այս պարտականությունից ազատվում են միայն թիկնապահները՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցումն ապահովող պարտականությունները կատարելիս»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
17.04.2019