Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԴԱՀԿ-ն չի պատասխանում հեռախոսազանգերին

Ապրիլ 18,2019 13:00

Ս/թ մարտի սկզբից ԴԱՀԿ-ի Արաբկիր մասնաճյուղից փորձում եմ պարզել, թե ինչո՞ւ է դադարեցվել ամենամսյա դրամական փոխանցումները լուսահոգի ամուսնուս՝ Գարեգին Անանյանի հաշվին, ինչի ժառանգորդը ես եմ ճանաչված։ Մարտի կեսերին մասնաճյուղի աշխատակից Արշավիր Մկրտչյանից տեղեկացա, որ վերջին անգամ՝ 50 հազար դրամն ինքը փոխանցել էր դեկտեմբերի 24-ին, 2018թ., իսկ թե ինչո՞ւ ՆԳՆ-ից (պարտապանն այդ կառույցի աշխատակից է) փոխանցում չի եղել, ինքը չի կարող ասել, գուցե այդ աշխատակիցը տեղափոխվել է կամ հեռացել է կառույցից եւ խորհուրդ տվեց սպասել: Ապրիլի սկզբին ինքս սկսեցի հետաքրքրվել պարտապանով։

ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումից պարզեցի, որ պարտապանը փաստաթղթերը ուշ է ներկայացրել եւ հաշվապահն անհրաժեշտ փոխանցումն արել է ս/թ մարտի 28-ին։ Ապրիլի առաջին շաբաթում քանիցս զանգահարեցի 060-570-459 հեռախոսահամարին՝ ԴԱՀԿ-ի Արաբկիր մասնաճյուղ, որպեսզի իմանամ, թե ինչո՞ւ չեն իրականացնում փոխանցումը։ Գործավարուհին տեղեկացրեց, որ Ա. Մկրտչյանը վաղվանից (կարծես ապրիլի 4-ից) արձակուրդում է լինելու, իսկ իմ հարցին՝ թե ո՞վ է նրան փոխարինելու, չգիտեր եւ փորձեց ինձ միացնել ֆինանսական բաժնի պետի տեղակալ Գեւորգ Տեր-Ղազարյանին, վերջինիս մոտ բավականին երկար գնացող զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։ Հաջորդ օրը առավոտյան կրկին զանգահարեցի, կրկին նույն պատմությունը կրկնվեց, Տեր-Ղազարյանն այդպես էլ չվերցրեց… իսկ հետո՝ 2 օր շարունակ, արդեն իմ համարը տեսնելով՝ գործավարուհին չէր վերցնում հեռախոսը……

Ապրիլի 12-ին զանգահարեցի բջջային հեռախոսից, գործավարուհուն հարցրի, թե ո՞վ է փոխարինում արձակուրդ գնացած Մկրտչյանին, պատասխանեց, որ հավանաբար Էդգար Ղազարյանը եւ միացրեց նրա հեռախոսը։ Խնդիրս ներկայացրի, տեղեկացրի, որ մարտի 28-ին փոխանցումը եղել է, իսկ իրենք դեռ չեն փոխանցում հասցեատիրոջը։ Ղազարյանն իր գործերում նայեց, պատասխանեց, որ իր մոտ չէ, որ Արշավիրը իրեն նման գործ չի հանձնել եւ ինքը հիմա կմիացնի ֆինանսական բաժնի պետի տեղակալ Գեւորգ Տեր-Ղազարյանին։

Ես ընդամենն իրեն հասցրի ասել, որ մի՞թե Արշավիրն անփոխարինելի է, որ ես պետք է սպասեմ մինչեւ նրա արձակուրդի ավարտը, առանց այդ էլ արդեն 4 ամիս սպասել եմ: Ինչպես միշտ. այս անգամ էլ ինձ «բախտ չվիճակվեց» խոսել հիշյալ պետի տեղակալի հետ, հեռախոսն անջատվեց: Ես որոշեցի այլեւս չզանգել, այլ հրապարակել այս իրողությունը, թե ինչպես է աշխատում ԴԱՀԿ-ի պաշտոնատար անձը, որ ամենահասարակ աշխատանքն անգամ չի կարողանում կազմակերպել՝ արձակուրդ գնացողին ոչ միայն փոխարինող չի նշանակում, այլեւ խուսափում է քաղաքացու հետ շփումից: Մի՞թե երկրում փոփոխված իրավիճակը ոչ մի կերպ չի ազդում ԴԱՀԿ-ի աշխատանքների վրա:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930