Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարգացման ժողովրդավարական ուղին, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությանունն այլևս անշրջելի են. Արարատ Միրզոյան

Ապրիլ 17,2019 23:13

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների այցը, ինչպես նաև պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն իրենց նպաստը կունենան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

ԱԺ նախագահն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, դրանց հաջորդած տարբեր ոլորտներին առընչվող ընդգրկուն բարեփոխումները:

«Արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվեցին հեղափոխության արդյունքում` ամենանախանձախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար», – նշել է Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ զարգացման ժողովրդավարական ուղին, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությանունն այլևս անշրջելի են:

Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք առկա են խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում, որոնց կյանքի կոչման համար Միրզոյանն ընդգծել է փորձի փոխանակման, փոխայցերի, միջխորհրդարանական գործակցության այլ ձևաչափերի դերը:

Խորհրդարանի ղեկավարը կոնգրեսականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում լուծելու Հայաստանի դիրքորոշումը: Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ կողմից ԼՂ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, ինչպես նաև այն գործողություններին օժանդակմանը, որոնք կոչված են նպաստելու խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամներ են։ ԺԳՀ համանախագահ Դեյվիդ Փրայսը նշել է, որ իրենք հետևել են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում են իրականացվող ժողովրդավարական ու բարեփոխումների գործընթացները:

Նա իր գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք կներկայացվեն հայ գործընկերների կողմից:

ԺԳՀ մյուս համանախագահը` Վերն Բուքանանը, նշել է, որ ներկայում ստեղծված են նպաստավոր պայմաններ երկկողմ հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման համար: Նա արժևորել է ամերիկահայ համայնքի դերակատարությունը, ովքեր, նրա խոսքով, զգալի ներդրում ունեն ԱՄՆ կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Կոնգրեսականն առանձնակի ընդգծել է տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։

Հանգամանալի անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, ժողովրդավարական գործընթացներին, ընտրական համակարգին, տնտեսական բարեփոխումներին, ներդրումային քաղաքականությանը, փախստականների ու կանանց հիմնախնդիրներին և այլ ոլորտներին վերաբերող հարցերին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Մանե Թանդիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930