Բաքվում միշտ տրամադրված են ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի հաստատմանն ու ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան՝ պատասխանելով ռուսական «Կոմերսանտ» թերթի այն հարցին՝ արդյոք Բաքվում պատրաստ են ընդունել հայ լրագրողների, ինչպես որ պայմանավորվել էին երկու երկրների արտգործնախարարները:
Հարցին՝ արդյոք Բաքուն պատրաստ է թույլատրել իր քաղաքացիներին այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, Աբդուլլաևան ասել է, որ նման արգելքներ երբեք չեն եղել:
«Մեր քաղաքացիներին Հայաստան, առավել ևս մեր օկուպացված տարածքներ այցելելու կոշտ արգելքներ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դրել»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այդպիսի այցերի հազվադեպ լինելը պայմանավորված է միայն նրանով, որ ադրբեջանցիները իրենք են դրանից զերծ մնում «սեփական անվտանգության նկատառումներով», սակայն իրավիճակը կարող է փոխվել, «եթե հայկական կողմը պատշաճ անվտանգության երաշխիքներ տա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ