Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի Օլիմպիական ավանում ինչպես ես թալանվում «գայլի» ու «նապաստակի» կողմից. Որտեղ են տեղի ունենում «Comedy Club»-ի նկարահանումները. (Ֆոտոշարք)

Ապրիլ 17,2019 23:00

Սոչին համարվում է Ռուսաստանի  հանգստավայրերի մայրաքաղաքը: Հատկապես վերջին տարիներին, Ռուսաստանի քաղաքներից միայն Սոչին տարեկան միլիոնից ավել զբոսաշրջիկ է ընդունում: Տեղացիներն ասում են, որ  զբոսաշրջիկների հոսքը հատկապես՝ աճել է ի հաշիվ Օլիմպիական ավանի, որը կառուցվեց 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման նպատակով: Բնականաբար, բոլոր մարզիկները վաղուց հեռացել են այստեղից, բայց Օլիմպիական ավանը զբոսաշրջիկների համար շարունակում է տեսարժան վայր լինել:

Ավանը բացվում է առավոտյան ժամը 8:00-ից եւ մինչեւ ժամը 24-ը հյուրեր է ընդունում: Օլիմպիական ավանը գտնվում է Ադլերի շրջանում: Շատ զբոսաշրջիկներ իրենց այցը Սոչի հաճախ հենց այս Օլիմպիական ավանից էլ սկսում են, որովհետեւ Սոչիի օդանավակայանը Ադլերում է տեղակայված, եւ մի քանի տասնյակ հյուրանոցներ՝ նույնպես:

Սոչիի կենտրոնից էլ դժվար չէ այստեղ հասնելը: Մեքենայով կես ժամվա ճանապարհ է: Բացի տաքսիից, էլեկտրագնացքից, Սոչիի կենտրոնից ուղիղ Օլիմպիական ավան ավտոբուսներ են երթեւեկում:
Ավանի մուտքն անվճար է, սակայն ներսում արդեն մի շարք ծառայությունների համար պետք է վճարել: Օլիմպիական ավանի հրապարակը զբաղեցնում է 200 հեկտարից ավել տարածք: Եվ տարածքն ամբողջությամբ շրջելու համար զբոսաշրջիկներն օգտվում են հեծանիվներից ու էլեկտրամոբիլներից: Ավտոմեքենաների մուտքն այստեղ արգելված է: Հեծանիվի վարձույթն արժե մեկ ժամը 200 ռուբլի (մոտ 1500 դրամ), էլեկտրամոբիլինը՝ 7500 դրամ՝ 1000 ռուբլի:

Եթե հեծանիվի կամ էլեկտրամոբիլի ծառայությունը քո կամքով ես ընտրում, ապա Օլիմպիական ավանում շրջող «գայլի» ու «նապաստակի» հետ նկարվելու համար անկախ քո կամքից «թակարդն» ես ընկնում: Մուլտֆիլմի այս երկու հերոսները մոտենում են, գրկախառնվում ու առաջարկում իրենց հետ նկարվել, ապա իրենց մատուցած ծառայության համար մի կլորիկ գումար պահանջում: Ընդ որում, լուսանկարվում ես քո անձնական ապարատով կամ հեռախոսով եւ գումարը գանձում են ամեն մի հատիկ լուսանկարի համար: Լուսանկարողն էլ «իրենց մարդն» է, որը վերահսկում է, որ հանկարծ «չթռնես» եւ իրենց «չքցես» եւ մինչեւ վերջին կոպեկը վճարես: Եթե չեմուչում ես անում, լուսանկարդ տեղում ջնջում են:

Այսպես ասած՝ «զաստավիտով» նկարվելու ծառայությունը Օլիմպիական ավանի տարածքում, ամենայն հավանականությամբ, ապօրինի է գործում, քանի որ մի քանի զբոսաշրջիկներ, որոնք «թակարդն» էին ընկել ստիպված եղան վճարել, բայց որեւէ կտրոն նրանց չտրամադրվեց:

Երկու զբոսաշրջիկներ իրենց 4 լուսանկարի համար վճարեցին 800 ռուբլի՝ մոտ 6 հազար դրամ: Նրանք «գայլի» եւ «նապաստակի» հետ ոչ միայն կանգնած էին լուսանկարվել, այլեւ՝ նրանց գրկում:
Օլիմպիական ավանում աչքի ընկնող կառույցները Օլիմպիական ջահի բարձրադիր սյունն է եւ ձմեռային սպորտաձեւերի «Այսբերգ» անունը կրող պալատը: 2012 թվականից այս պալատում անցկացվում են գեղասահքի մրցումներ: Օլիմպիական ավանում  է նաեւ Թենիսի ակադեմիան, «Սոչի» հոկեյի ակումբն էլ իր պարապմունքներն է այստեղ անցկացնում:  2014-ի Օլիմպիական խաղերի համար ավանում կյոռլինգ մարզաձեւի համար էլ է կենտրոն կառուցվել, որտեղ, սակայն, ներկայումս, պարբերաբար, «Comedy Club»-ի նկարահանումներն են տեղի ունենում:

Օլիմպիական ավանի կենտրոնական հատվածում Օլիմպիադային մասնակցած եւ  հաղթանակած երկրների չեմպիոնների անուններով պատն է կանգնեցված, որտեղ նաեւ առկա էր Հայաստանի հանրապետության դրոշը, որի գույները, սակայն արեւից խամրել էին: Նույն վիճակում էին նաեւ այլ երկրների դրոշները: Արդյոք Օլիմպիական ավանի տնօրինությունը պատժվել կամ պատժել է իր համապատասխան աշխատակցին, հանրապետությունների դրոշների գույներին չհետեւելու եւ դրանով դրոշների պատիվը գետնով տալու համար, չհաջողվեց պարզել:

Նկատենք, որ ավանի ամբողջ տարածքը՝ թեքահարթակներով եւ վերելակներով հարմարեցված է նաեւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:  Այստեղ են անցկացվել նաեւ պարօլիմպիկ խաղերը:

Օլիմպիական ավանում թանգարաններ էլ են գործում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930