Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը դանակ խաղացնողներին խոստացավ ասֆալտին պառկեցնել, պատերով տալ. «Եթե պլստան, վզներից կբռնենք»

Ապրիլ 17,2019 20:45

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում մեկ շաբաթ է՝ իրավիճակը չի հանդարտվում. «Գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը, գյուղի հովիվն արդեն մեկ շաբաթ՝ հացադուլ է անում գյուղապետարանի դիմաց: Նրանք երկու անգամ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: Ասացին, որ գիշերը երիտասարդների մոտ դանակներ են եղել, տհաճ զարգացումներ կարող են լինել, ինչպես Զարթոնք գյուղում: Ես հանդիպել եմ գյուղապետի հետ: Նա ասել է, որ հրաժարական չի տալու, եւ եթե չարաշահումներ են եղել, թող իրավապահները զբաղվեն»:

Փաշինյանը վկայակոչեց Զարթոնք համայնքի իրավիճակը. «Եթե միջամտեինք, կասեին, որ կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա: Երբ իրավիճակը սրացավ, ասացին, թե ուր է կառավարությունը: Հեղափոխությունից հետո բոլոր համայնքներում, որտեղ կա խնդիր եւ բողոքի ալիք, գյուղապետերը պետք է հրաժարական տան: Եթե վստահ են, որ ունեն գյուղի ժողովրդի վստահությունը, նորից կընտրվեն: Մենք չենք պատրաստվում որեւէ տեղ քվեաթերթիկ կեղծել»:

Ինչ վերաբերում է դանակներին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ոստիկանությանը հատուկ հանձնարարված է՝ ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու: Որեւէ մեկը չփորձի ՀՀ-ում դանակ կամ զենք խաղացնել, այլապես ասֆալտին կփռենք կամ պատերով կտանք: Եթե մի քրեական գործով որեւէ մեկը կարողանա պլստալ ինչ-որ մեկի շնորհիվ, մեկ այլ քրեական գործով վզներից բռնելու ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930