Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական երկաթգծի նախագծային փաստաթուղթ չկա՞. մեկնաբանում է նախարարը

Ապրիլ 17,2019 20:07

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձավ հայ-իրանական երկաթուղուն: Սա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից էր:

Այս երկաթուղու մասին պարբերաբար հայտարարություններ են եղել. նշում էին՝   շինարարության համար Իրանը Հայաստանին կտրամադրի $400 միլիոն, ընդ որում, ՀՀԿ իշխանության ժամանակ՝ 2009-ին, հայտարարվեց, որ  ճապոնական «Պադեկա» ընկերությունը արդեն սկսել է երկաթուղու կառուցման նախագծային եւ նախահաշվարկային աշխատանքները, որի իրականացման համար $1 միլիոն տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:

Իսկ 2016-ին էլ այս ոլորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանն էլ ասել էր՝ երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է 3 միլիարդ դոլարից ավելի գումար:

Մինչդեռ, Հակոբ Արշակյանը հայ-իրանական երկաթուղու կառուցման հեռանկար չի տեսնում:

«Եթե շատ հարուստ երկիր լինեինք՝ զուգահեռ կսկսեինք մտածել նաեւ երկաթուղու մասին: Բայց եթե մենք մայրուղի ենք (Հյուսիս-հարավ) կառուցում այդ մասշտաբի, այս պահին իմ առաջնահերթությունների ցանկում չկա երկաթուղի կառուցելը»,-ասաց Արշակյանը:

Նախարարը նաեւ հավելեց՝ եթե լինի առաջարկ, որը դրված կլինի սեղանին՝ մեծ հաճույքով կքննարկեն.«Բայց հաշվի առնելով , որ լեռնային գոտի է մեր հարավային մասը, եւ հաշվի առնելով, որ լուրջ ֆինանսական միջոցներ են պետք լինելու ներգրավել, եւ հիմա հաշվի առնելով, որ մենք մեծ ֆինանսական ներդրումներ ենք անում Հյուսիս-Հարավ ճանապարհի համար, թույլ տվեք այդ մասով բան չասեմ: Ես չեմ տեսել այդպիսի գնահատական, թե օրինակ՝ ի՞նչ էֆեկտի կբերի դա, ինչքան կարժենա, արդյոք արժե կառուցել, թե՝ ոչ: Եվ այդ ուսումնասիրությունը կատարելու համար շատ լուրջ ուժեր են պետք»:

Ճշտող հարցին՝ անգամ ուսումնասիրություն չի՞ եղել, նախարարը պատասխանեց՝ «Ես չեմ տեսել էդպիսի փաստաթուղթ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930