Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ես ժամանակին չունեի Դեմիրճյանի անցած ուղին, Վազգենի խոսքի ծանրությունը, ծանոթ չէի քաղաքական խարդավանքներին». (Ֆոտոշարք)

Ապրիլ 17,2019 19:44

ԱԺ պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ ներկա էր «Միասնություն» դաշինքի քսանամյակին նվիրված «Վերածննդի համոզմունքով» խորագրով ցուցահանդեսին, ասաց.

«Շատ-շատ մեծ մարդ էր Կարեն Դեմիրճյանը…եւ շատ-շատ մեծ քաղաքական գործիչ, ժամանակները դեռ գնահատելու են: Մենք պատմության ընթացքում բազմաթիվ արժանավոր հայորդիներ ենք ունեցել, որոնց ներդրումը խորհրդային տարիներին էլի շատ մեծ է եղել. Բայց մեր ժողովուրդն ամենից շատ սիրում է Կարեն Դեմիրճյանին… Գիտե՞ք ինչու…Ժողովուրդը սիրում է ու սրտանց նվիրվում է այն դեպքում, երբ այդ սերը փոխադարձ է: Կարեն Դեմիրճյանն անսահման սիրով սիրում էր այս երկիրը, այս ժողովրդին եւ իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել էր նրան: «Միասնություն» դաշինքի ստեղծումն էլ դրա բացարձակ դրսեւորումն է»:

Արամ Սարգսյանը հավելեց. «Կարեն Դեմիրճյանը կարող էր նեղացած լինել Վազգեն Սարգսյանից 88-ից սկսած, բայց նրա մեծությունը այն էր, որ ինքը հայրենիքում տեղի ունեցած գործընթացներում իր պահանջը զգալով, մարդկանց գնահատելով՝ մի կողմ թողեց ամեն ինչ ու նորից մտավ քաղաքական դաշտ:

Ի՞նչ էր ասում «Միասնություն» դաշինքը: Իրենք ասում էին՝ կառուցենք ու պաշտպանենք: Հրաշալի ու շատ արդիական կարգախոս, որը այսօր էլ նույնչափ արդիական է»:

Արամ Սարգսյանը ներողություն խնդրեց, որ Հոկտեմբերի 27-ից հետո եղած շրջանում լինելով վարչապետ՝ չի կարողացել իրականություն դարձնել «Միասնություն» դաշինքի որդեգրած ծրագրերը:

«Ուզում եմ ներողություն խնդրել իմ անունից այստեղ նստած ներկաներից, ՀԺԿ կուսակցության բոլոր անդամներից, Հանրապետական կուսակցության այն ժամանակվա անդամներից, որ լինելով այդ ժամանակվա վարչապետը՝ չկարողացա իրականություն դարձնել «Միասնություն» դաշինքի առաջ ծառացած ու դրված խնդիրները…Ու բնական էր, որ պետք է այդպես լիներ:

Ես ծանոթ չէի այդ ժամանակվա քաղաքական դաշտին, չգիտեի խարդավանքները, չունեի այն ավանդն ու անցած ուղին, ինչ ուներ Կարեն Դեմիրճյանը, այն վաստակը, խոսքի ծանրությունը,ինչ ուներ Վազգենը, ու բնականաբար ամեն ինչ գնաց այնպես, ինչպես գնաց…»:

Նա ցավով փաստեց. «Պետությունը տակնուվրա էր արված, խնդիրները այլ հարթության մեջ էին, հայրենիքի սերն ու նվիրվածությունը թերագնահատվել էր այլ արժեքների՝ նյութապաշտության, շահամոլության, ինչն էլ երկիրը հասցրեց նրան, որ այսօր ունեցանք «թավշյա հեղափոխություն, նոր իշխանություններ: Ժողովուրդը ցնծաց՝ փողոցներ դուրս գալով ու տոնելով այդ իշխանության հեռացումը, եւ մենք այսօր նշում ենք «Միասնություն» դաշինքի քսանամյակը գրանցելով մի փաստ՝ քսան տարի հետո մենք նորից ունենք նույն կարգախոսը, որ պարտավոր ենք բոլորս՝ ՀԺԿ-ով, Հանրապետականով ու նաեւ «Հանրապետությունով», կառուցել ու պաշտպանել»:

Տեսանյութը՝ քիչ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930