Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նախարարը Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի շինաշխատանքի մասին. «Անկախ նրանից՝ նախկին կամ ներկա պաշտոնյա է տերը, մենք վերահսկում ենք»

Ապրիլ 17,2019 19:01

Հայաստանում միջպետական ճանապարհներն ամեն տարի «կարկատվում» էին, փոսալցվում, ամեն տարի վերանորոգվում ու կարճ ժամանակ անց ճանապարհը նորից ասֆալտապատելու կարիք էր ունենում:

Նման ճանապարհներ Հայաստանով մեկ տարիներ շարունակ եղել են: Ցանկացած մեկը, եթե միջպետական ճանապարհներից՝ Տավուշի մարզում՝ Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածով երթեւեկել է, հաստատ դժգոհել է քարուքանդ ճանապարհներից:

Aravot.am-ն անցյալ տարի Տավուշի մարզի Աճարկուտ համայնքից մինչեւ Ոսկեպար, Նոյեմբերյանից մինչեւ Ջուջեւան, ապա դեպի Վրաստան ճանապարհի քայքայված վիճակին անդրադարձել էր:

Վերջերս էլ կառավարության նիստին վարչապետ Փաշինյանն էր անդրադարձել:

Այսօր Aravot.am-ը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի ճանապարհաշինությունը պատշաճ իրականացվի, ճանապարհաշինական ընկերություններն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են նախկին պաշտոնյաներին, ինչ թերացումներ են արձանագրել նախկին պաշտոնյաներին պատկանող նման ընկերություններում:

Արշակյանը մեր հարցին ի պատասխան նշեց՝ վարչապետի ասածը վերաբերում է Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածին, այդտեղ արձանագրվել է անորակ աշխատանք.«Եվ քանի որ մենք աշխատում ենք հետվճարային համակարգով, պարբերաբար մոնիտորինգ ենք անում շինարարության ընթացքը, այն դադարեցվել է»:

Նախարարն ասաց, որ այդ ճանապարհն անցյալ տարի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում էր իրականցվում, սեզոնային ուշացում կար, հնարավոր չեղավ անցյալ տարի վերականգնել վնասը. «Ու չվճարեցինք, մինչեւ հիմա չենք վճարել, չի ընդունվել ճանապարհը: Շինարարական ընկերությունը պարտավորություն է վերցրել շտկելու ամբողջ ճանապարհի որակի խնդիրները: Սեզոնը մեկնարկելուն պես՝ մայիսի առաջին կեսին, պետք է սկսի շինարարական պրոցեսը: Ամբողջ պրոյեկտը նորից իրականացնելու է: Մենք հսկողություն ենք իրականացնելու ավելի կարճ պարբերականությամբ, որպեսզի համոզվենք, ու խնդիր չառաջանա»:

Ինչ վերաբերում է նման ընկերությունների սեփականատերերին եւ նրանց աշխատաոճին, ապա Արշակյանն այսպես մեկնաբանեց. «Երբ մենք մրցույթներն իրականացնում ենք բաց, թափանցիկ, եւ վերահսկողությունն իրականացնում ենք խիստ, անկախ նրանից, թե ով է այս կամ այն շինարարական կազմակերպության տերը, տնօրենը,  նախկին կամ ներկա պաշտոնյա է, թե՝ ոչ, մենք իրականացնում ենք հսկողություն: Եթե չի արվում պատշաճ որակի՝ չի վճարվում: Սա է ամբողջ տրամաբանությունը: Եվ կարծում եմ, որ դա բավարար է, որպեսզի մենք համոզված լինենք, որ ճանապարհաշինական ոլորտում խնդիրներ չեն լինի»:

Նախարարն ասաց, որ էլի կան ընկերություններ, որոնք ոչ պատշաճ որակի շինաշխատանքների համար չեն վճարվել. Կապալառուների անուններ չտվեց. Անուններ անգիր չէր հիշում:

Իսկ վարչապետի ասած՝ Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնում է, ինչպես նախարարն ասաց՝ «Վառմաշ» ընկերությունը:  Այս ընկերությունն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

«Էլի ճանապարհահատվածներ են եղել, որոնց դիմաց չենք վճարել, եղել են ճանապարհահատվածներ, որոնք ամբողջությամբ վերականգնվել են: Եթե տեսնում ենք, որ մարդիկ վերացնում են թերությունները, կարծում եմ, որ արդեն նորմալ գործընկերային հարաբերություններ են, չեմ կարծում թե արժե անուն առ անուն նշել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Այսօր նախարարը ասուլիսին անդրադարձել է ավտոմեքենաների տեխզննման նոր համակարգին եւ ճանապարհաշինությանը, թե ինչու հենց այս ոլորտները, որովհետեւ, ըստ նախարարի, առաջիկայում այդ երկու ոլորտները փոխանցվելու են տարածքային կառավարման նախարարությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930