Լրահոս
Օրվա լրահոսը

«Փայտ ենք վառում, գազ էլ չկա ու պատկերացրեք չեմպիոն ենք տալիս»․ Սամվել Բալասանյան

Ապրիլ 17,2019 18:21

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանին, փոխչեմպիոն Սամվել Գասպարյանին ու նրանց մարզիչներին։

Գյումրու քաղաքապետը «Նարեկ» նվիրեց չեմպիոններին՝ իր երախտագիտությունը հայտնելով նրանց՝ քաղաքի պատիվն այսքան բարձր պահելու, Հայոց եռագույնը ծածանելու համար։

«Նարեկը» պահապան կլինի ձեզ»,-ասաց քաղաքապետը։

«Առաջինը հանելը շատ կարևոր է, ես որ էդքան «պերեժիվատ» էի անում, պատկերացնում եք, դուք ինչքան լարված կլինեք», ասաց Սամվել Բալասանյանը՝ դիմելով մարզիչներին։

Նա իր խոսքում անդրադարձավ նաև Գյումրու սպորտային դպրոցների անմխիթար վիճակին, ասաց, որ շուտով կունենանք շատ գեղեցիկ տուրիստական քաղաք, սակայն քաղաքին անհրաժեշտ է սպորտային պալատ։

«Մի լավ տեղ կա, մեկը վերցրել է ու ընդհանրապես չի էլ օգտագործում, քաղաքի կենտրոնում է, ուզում ենք վերցնենք ու հենց այդտեղ էլ էդ պալատը սարքենք։ Հիմա փորձում ենք էդ տարածքը դատական պրոցեսով հետ վերցնել»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Սամվել Բալասանյանը նշեց, որ որպես քաղաքապետ, այս հարցն անընդհատ բարձրաձայնում է, եթե չֆինանսավորեցին, կփորձեն քաղաքային բյուջեի հնարավորությունների սահմաններում հարցը լուծել, եթե, իհարկե, ֆոնդային գումարներ ունեցան։

«Բաթումին երրորդ քաղաքն է Քութայիսից հետո, էնտեղ էնպիսի դահլիճներ ունեն, ինչի՞ պիտի մենք չունենանք, երբ երկրորդ քաղաքն ենք։ Արթուր Ալեքսանյանի դպրոցը նույնիսկ էդպես մնաց՝ կիսատ-պռատ, գումարը չկա, չգիտեմ տրամադրեցին, չտրամադրեցին, սպորտնախարարություն չկա, տեսնենք վերջնական ինչ կասեն, որպեսզի մենք կարողանանք իրոք այդ բոլոր հարցերը լուծել։

Ո՞նց կարող էր վարձակալությամբ Յուրի Վարդանյանի դպրոց լինել, չէր կարող։ Հիմա սարքելու ենք շատ լավ դպրոց և շատ լավ տեղ, աշակերտների քանակությունը շատ կլինի այդտեղ։

Ըմբշամարտի դպրոցի հետ կապված մեր համաֆինանսավորմամբ կվերականգնենք ծանր վիճակում գտնվող այդ դպրոցը։ Փորձենք էլի, հերթով անելով գանք, մեր ուժերով, ինչ-որ տեղ նաև սուբվենցիոն ծրագրով, եթե չէ, պետական ծրագրով, հոգածություն պետք է տանել․ մշակույթը և սպորտն ամենակարևոր ուղղություններն են մեր քաղաքի։ Եվ ես գտնում եմ, որ քաղաքը պետք է ունենա սպորտային պալատ։ Փորձենք աշխատենք, խնդրենք կառավարությանը, չէ, մեր ուժերով փորձենք ինչ-որ բան անել։ Մեզ անհրաժեշտ է մեծ կոմպլեքս, որը հնարավորություն կտա բոլոր մրցաձևերի միջազգային մրցումներ կազմակերպելու, որովհետև քաղաքի կենտրոնում ունենալու ենք համապատասխան հյուրանոցներ, ունենալու ենք սրճարաններ, ռեստորաններ։

Մի խոսքով, ունենալու ենք միջավայր, որը շատ հաճելի կլինի, ինչպես օրինակ՝ Բաթումիի կենտրոնում է, շատ հաճելի քաղաք է, շատ գեղեցիկ քաղաք է, գեղեցիկ կառուցեցին, վերականգնեցին։ Հիմա մենք էլ կուզենայինք էդպիսի միջավայր ստեղծեինք մեր ժողովրդի համար, սպորտն առաջ գնա ավելի շատ, մեր հող ու ջուրն այլ է, ուժը այլ է»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նա անդրադարձավ նաև հրաձգարան ունենալու հարցին։

Քաղաքապետը հայտնեց, որ այս սպորտաձևում նույնպես Գյումրին չեմպիոններ է տվել, հիմա նորմալ պայմաններով տեղ են ման գալիս հրաձիգներին տեղափոխելու համար, որոնք վարձակալական հիմունքներով են մարզվում։

«Փայտ ենք վառում, գազ էլ չկա, ու պատկերացրեք չեմպիոն ենք տալիս», -ասաց Սամվել Բալասանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930