Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակի վերաբերյալ իր՝ նախկինում տված գնահատականին եւ դրա հետ կապված թյուրընկալմանը, Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանն ասաց. «Մի միտք եմ այնտեղ արտահայտել, թե ինչու է Շիրխանյանը հիմա ասում…Հիմա ավելի հստակ եմ ուզում տալ իմ դիրքորոշումը՝ Շիրխանյանի նամակի մեջ կան բաներ, որոնք հասարակությունում բոլորովին հայտնի չեն ոչ մեկին: Կան փաստեր, որոնք գուցե մյուսներին հայտնի են, անձամբ ինձ՝ ոչ, ես դրանց մեկնաբանություն չեմ անում:
Կան որոշ անճշտություններ, բայց անհերքելի է, որ այդ նամակի մեջ կա նաեւ բացարձակ ճշմարտություն, օրինակ` ընտրությունների կեղծիքների վերաբերյալ: Ո՞վ չգիտի, որ ընտրությունները կեղծվել են, Հայաստանում բոլորը գիտեն, ես՝ առավել եւս: Ես դրա մասին գրել եմ գրքում, ավելի մանրամասն… Իհարկե Շիրխանյանը քաջ տեղյակ էր դրանից, որովհետեւ մասնակցել է, շտաբում է աշխատել, ինչպե՞ս կարելի է նրան չվստահել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տիկին Դեմիրճյանը հավելեց. «Ես հիմա էլ եմ մտածում, որ այդ ամենի մասին Վահան Շիրխանյանը պետք է ավելի շուտ ասեր, բայց հարցն այդ չէ: Ես չէի ուզում նամակի հանդեպ թերահավատություն դրսեւորել, անկախ ինձանից է ստացվել :
Վերջապես քսան տարի է, ես քաղաքականությունից դուրս եմ, քաղաքականության նրբությունների մեջ չեմ մտել, չեմ կարծում, որ դրանից պետք է սենսացիա սարքել»:
Քանի որ ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էր, լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես էր Կարեն Սերոբիչը սիրում նշել իր ծննդյան օրը: «Հազիվ էինք պահում, շատ համեստ մարդ էր, արարողություններ, բան չէր սիրում, շատ անմիջական էր: Մի անգամ նույնիսկ ասաց՝ չի լինի՞ ես գնամ, դուք նշեք: Նա գտնում էր, որ կյանքը նման բաների մեջ չէ, որ սիմվոլները պաշտպաներ: Նրա կարծիքով կյանքը հարաբերությունների, վերաբերմունքի մեջ էր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ