«Ուզում եմ Հայաստանի կառավարությանը շնորհավորել` կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքի համար: Մեկ տարվա ընթացքում Հայաստանն ուրիշ երկիր է դարձել: Սրա համար պետք է հպարտ լինի ոչ միայն կառավարությունը, այլ նաև ժողովուրդը»,- այս հայտարարությունն այսօր արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով երկօրյա համաժողովի ժամանակ:
Դեսպանն ասում է` վերջին դեպքերը ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկը դեռ շարունակում է գոյություն ունենալ եւ կառավարությունը պետք է երկարատեւ ու համառ պայքար մղի. «Այս հարցում ԵՄ-ն Հայաստանի կողքին է եւ պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ գործիքները»:
Կոռուպցիայի դեմ պայքարում դեսպան Պյոտր Սվիտալսկին կարեւոր է համարում ինստիտուցիոնալ կողմը. «Հայաստանի կառավարությունը քննարկում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը։ Դրա համար որոշ ժամանակ կպահանջվի: Այդուհանդերձ, այդ մարմինը պետք է ուժեղ եւ արդյունավետ լինի, իրավապահ կառույցների հետ համատեղ աշխատանք տանի։ Այս հարցում մեզ վրա կարող եք հույս դնել»:
Դեսպանի գնահատմամբ, Հայաստանին անհրաժեշտ է հանրային ու հասարակական հարաբերությունների նոր մշակույթ, անհանդուրժողական միջավայր կոռուպցիայի նկատմամբ:
Կարդացեք նաև
Կոռուպցիայի դեմ պայքարում Պյոտր Սվիտալսկին կարեւորեց նաեւ քաղաքական կամքի առկայությունը՝ նշելով, որ Հայաստանն արդեն ապացուցել է, որ այդ կամքն ունի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ