Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արցախի բնակչության թիվն աճել է. Բակո Սահակյան

Ապրիլ 17,2019 17:54

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 112.1 տոկոս, ՀՆԱ-ն գերազանցել է 310 միլիարդ դրամը՝ արձանագրելով 11.9 տնտեսական աճ, որը հիմնականում ապահովվել է նյութական արտադրության ճյուղերի՝ մասնավորապես հանքարդյունաբերության, էներգետիկայի, շինարարության և առևտրի ու ծառայությունների ոլորտում ԱԱՀ-ի հաշվին»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ ապրիլի 19-ի լիագումար նիստին հայտարարեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նա ներկայացրեց ԱՀ նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդում: Բակո Սահակյանը մասնավորապես հայտարարեց. «Պահպանվել է միջին ամսական աշխատավարձի աճի միտումը: 2018-ին այն 161 հազար դրամ էր, սպառողական ապրանքների գնաճ չի արձանագրվել: Տարեսկզբի դրությամբ, առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր գումարը 30.8 տոկոսով աճել է»:

Բակո Սահակյանը հայտարարեց՝ Արցախում մշտական բնակչության թիվն ավելացել է. «Անցյալ տարի բնական աճի դինամիկան գերազանցել է չորս տոկոսը: Վերջին տարիներին նկատվում է բնակչության աճ, սակայն, արձանագրված տեմպը մեզ չի կարող բավարարել: Արցախի պայմաններն ավելի շատ բնակչություն են թույլ տալիս ունենալ, քան մենք ունենք»: ԱՀ նախագահը նշեց, որ տեղական արտադրանքի առաջմղման ուղղությամբ աշխատանքներ են տարվել. առաջին անգամ արցախցի գործարարները մասնակցել են ասիական ցուցահանդեսներին:

Աշխատանքներ են տարվել՝ ուղղված գործազուրկների մակարդակի իջեցմանը: Այս տարի աշխատանքի է տեղավորվել 140 անձ, շարունակվում են քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման աշխատանքները: Բակո Սահակյանը տեղեկացրեց՝ կենսաթոշակառուների և սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվն ավելի քան 22 հազար է: Միջին կենսաթոշակը կազմում է 42.900 դրամ, սոցիալական կենսաթոշակի միջինը՝ 18.300 դրամ:

ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը ներկայացրեց հանցավորության վիճակը 2018-ին ԼՂՀ-ում: Նա հայտարարեց. «2018-ին Արցախում արձանագրվել է հանցավորության 739 դեպք: 2017-ի համեմատ հանցավորությունը 2018-ին 27 դեպքով կամ 3.5 տոկոսով նվազել է: Հանցագործությունների թվի նվազում է արձանագրվել Ստեփանակերտում և շրջանների մեծ մասում: Հանցագործությունների թվի աճ է գրանցվել Մարտունիում և Հադրութում: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 97.8 տոկոս է: 2018-ին գրանցվել է 7 առանձնապես ծանր հանցագործություն, ծանր հանցագործության 52 դեպք, միջին ծանրության հանցագործության 244, ոչ մեծ ծանրության հանցագործության 436 դեպք: Առանձնապես ծանր հանցագործությունների յոթ դեպքից մեկը գրանցվել է Ստեփանակերտում՝ թմրանյութերի իրացում, մեկն Ասկերանում՝ 14 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը»:

Արցախի խորհրդարանն այսօր ընդունեց ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և քրեական դատավարության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ընդունվեց նաև ԼՂՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930