Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքը բավարար չէ». Կարեն Զադոյան

Ապրիլ 17,2019 17:29

«Ունենալով հակակոռուպցիոն ուժեղ փաստաթղթեր, ռազմավարություններ, եթե դրանք չեն իրականացվում, հանրության սպասելիքներն այդ առումով չեն իրականանում: Ինչ-որ ժամանակ անց սկսվում է նոր ռազմավարություն գրվել, գործողություններ են գրվում, որոնց տակ գրվում է, որ դրանք կատարվել են, ինչի պատճառով հանրային կյանքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում շատ կարեւոր է անցյալի մեր սխալներից  դասեր քաղելու եւ թույլ չտալու սխալներ՝ նոր ռազմավարությունը մշակելու համար»,- այսօր` «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով երկօրյա համաժողովի ժամանակ, իր խոսքում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Իր գնահատմամբ նախկինում մեր սխալները հենց այն էին, որ կազմակերպման, մոնիտորինգի եւ գնահատման փուլերը ճիշտ չենք իրականացրել, ուստի չունենք բազային տվյալներ, որպեսզի կարողանանք դրանք նոր ռազմավարության մեջ դնել եւ խնդիրներ լուծել: «Սա ամենաբարդ եւ կարեւոր խնդիրն է»,- ասաց բանախոսը` հավելելով, որ շատ դրական է համարում, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը նախապես քննարկվեց ՔՀԿ-ների հետ, ի տարբերություն նախկինի, երբ ռազմավարությունը կառավարության կողմից ընդունվեց:

Բայց Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն պայքար ծավալելու համար, ըստ Կարեն Զադոյանի, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքը բավարար չէ. «Դա շատ քիչ է, եթե այդ կամքը ճյուղավորված չիջնի պետական կառավարման համակարգի բոլոր օղակները։ Միայն այդ դեպքում հակակոռուպցիոն ռազմավարությունը կհաջողի»:

Նախկինում, ըստ բանախոսի, որոշ հաջողություններով`մատրիցայի օրինակով` ունենք, քանի որ այն ժամանակ քաղաքական կամք չկար կոռուպցիայի դեմ պայքարի եւ քաղհասարակությունը նպատակաուղղվել էր այդ կերպ բերել քաղաքական կամքի:

Հաջողության օրինակներն են`ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը, ազդարարների համակարգի ներդրումը, շուտով արդեն էլեկտրոնային հարթակը կգործի, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը հանրային գնումների շրջանում եւ այլն: Բայց հիմա, ըստ Կարեն Զադոյանի, քաղաքական կամք կա եւ մոտեցումն ամբողջական պետք է լինի:

Բանախոսը հետհեղափոխական շրջանի համար հատկապես է կարեւորում Հայաստանից տարված ակտիվների վերադարձի խնդրի քննարկումը եւ լուծումներ գտնելը. «Դրա ուշացումը հանրային սպասումները տանում են ձախողման»:

Կարեն Զադոյանի կարծիքով, շատ լավ են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձից տարբեր մոդելների ուսումնասիրությունները, բայց մենք պետք է համախոհություն դրսեւորենք եւ գտնենք մեր ուրույն մոդելը. «Խոսքը միայն հակակոռուպցիոն անկախ մարմնին չի վերաբերվում, այլ ամբողջ համակարգին: Համակարգը պետք է սիներգիաներով կապված լինի հանրային, դատաիրավական հատվածի բարեփոխումների հետ եւ սա ամբողջության մեջ պետք է տեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930