Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ընդհանուր առմամբ, բավարարված է իր թիմի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցությունից, որը աշխարհի առաջնության նախապատրաստության կարեւոր փուլ էր: «Բոլորս գիտենք, որ վեց քաշային կարգում են վարկանիշեր խաղարկվելու, հետեւաբար, մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը շատ լավ նախապատրաստվելն է: Եվրոպայի առաջնությունից մենք նաեւ Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերի հինգ վարկանիշ ձեռք բերեցինք», – ասաց պարոն Ջուլֆալակյանը:
Մասնագետը խոսեց նաեւ ձախողումների մասին: «Կոնկրետ դժգոհ եմ չորս քաշային կարգերի մասնակցությունից, ինչը մտածելու տեղիք է տալիս՝ 55 կգ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 82 կգ՝ Սարգիս Քոչարյան եւ 130 կգ՝ Դավիթ Օվասափյան: Բայց եթե Դավիթ Օվասափյանը դեռ երիտասարդ է եւ նոր առաջին քայլերը պետք է անի մեծահասակների հավաքականում, մյուս երեք ըմբիշների մասնակցությունից դժգոհ եմ, որովհետեւ նրանց հնարավորություններն ու սպասելիքները ավելին էին: Նրանք պետք է մտածեն, թե ինչի նման գոտեմարտեր անցկացրին: Պարտություն կա, որի ժամանակ գոտեմարտը կարելի է գնահատել լավ վարած, եւ կա պարտություն, որը գնահատում ես վատ: Այդ երեք քաշային կարգերում կարող եմ ասել, որ երեքն էլ շատ վատ գոտեմարտեցին: Ամեն դեպքում ասեմ, որ բոլորն էլ խոստումնալից մարզիկներ են: Մենք դեռ կմտածենք, աշխատանքներ կտարվեն, բոլորն էլ աճելու եւ մյուս մրցումներում իրենց ցույց տալու հնարավորություններ ունեն», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ