Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը ձեզ պետք է ազատի պաշտոնից». Մարուքյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

Ապրիլ 17,2019 16:48

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ նիստում պատասխանեց պատգամավորների՝ կառավարության օպտիմալացման նախագծի վերաբերյալ հարցադրումներին, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց մտահոգությունները փարատված չեն: Նա նշեց, որ Ատոմ Ջանջուղազյանն այդպես էլ հստակ պատասխան չունի հետեւյալ հարցադրումներին՝ քանի՞ մարդ է կրճատվելու կառավարության օպտիմալացման հետեւանքով, ի՞նչ սկզբունքով է կրճատվելու, ի՞նչ ժամանակահատվածում, եւ ի՞նչ ասել է «հավելյալ արժեք չստեղծող» աշխատակիցներ, որոնք եւս կրճատվելու են: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին հարցադրումներին ճշգրիտ պատասխանել հնարավոր չէ, բայց իրենք գնահատել են իրավիճակը եւ ունակ են ռիսկերը կառավարել:

Նախարարը նշեց միայն, որ «հավելյալ արժեք չստեղծող» են համարվում այն աշխատողները, որոնք անում են ոչ թե պակաս արդյունավետ աշխատանք, այլ ոչինչ, այսինքն՝ նրանց ստեղծած արդյունքը չի ծառայում որեւէ բանի. «Հարցի պատասխանը կգտնվի, եթե պարզվի, թե որքան մարդ է վարձատրվում պետբյուջեից՝ միաժամանակ աշխատանք չկատարելով: Խնդիրը ոչ թե կրճատումն է, այլ արդյունավետությունը»: Էդմոն Մարուքյանն այնքան էլ չհամաձայնեց՝ նկատելով՝ նախորդ իշխանության օրոք ինչո՞ւ նրանց աշխատանքն արդյունավետ չէր դարձվում, գուցե հիմա՞ է հնարավոր այդպես անել:

Դա հաշվի առնելով՝ Էդմոն Մարուքյանն Ատոմ Ջանջուղազյանին ասաց. «Եթե դուք եք զբաղվում սրանով, վարչապետը ձեզ պետք է ազատի պաշտոնից: Վարչապետը բան է հանձնարարում, իսկ կատարողը՝ ձախողում այն: Այստեղ անձնական որեւէ բան չկա»:

Ապա Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ԼՀԿ-ն ԱԺ-ին առաջարկում է ընդունել Ֆինանսների նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու որոշում:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ այդ առաջարկը քննարկման կդրվի ԱԺ վաղվա նիստում:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր սկսել է քննարկել կառավարության կառուցվածքի մասին նախագիծը, որով առաջարկվում է 17 նախարարությունից թողնել 12-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930