Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինս պատմեց. երկու քայլ հետ գնացի, ավտոմատը վրաս պահեց ու խփեց». Գագիկ Մկրտչյանի այրին՝ դատարանում

Ապրիլ 17,2019 16:36

«Գագիկի կողքին եղած ձեզնից որևէ մեկը Գագիկի մայկան բարձրացրե՞լ եք, տեսե՞լ եք վերքը, որ կապիկությամբ ասում եք, թե ձեռքից է եղել: Մի ժպտացեք, այստեղ ժպտալու բան չկա»,- «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց ՊՊԾ գնդի տարածքում զոհված, գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը:

Դատարանում հարցաքննվող Հասմիկ Ոսկանյանը մանրամասներ ներկայացրեց իր ու իր ամուսնու՝ հիվանդանոցային խոսակցությունից: Նա նշեց, որ իր ամուսինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր քրոջը՝ Մերի Մկրտչյանին:

Տիկին Ոսկանյանը պատմեց՝ չի պատկերացրել 2016-ի հուլիսին ինչ է կատարվում քաղաքում, քանի որ հեռախոսն ինտերնետ չուներ: Այնուհետև ներկայացրեց իր և Գագիկ Մկրտչյանի խոսակցությունը. «Ինձ երկրորդ օրը հիվանդանոցում պատմեց, որ ժամը 5.00-ի 6.30-ի կողմերը կրակոցներ է լսել: Ասաց՝ դռները փակել են, կապ եմ տվել շտապօգնություն ու տագնապ եմ բարձրացրել: Կրակոցները անընդհատ հնչել են. եկել են դուռը բացելու, ինքը չի բացել: Եթե չեմ սխալվում կրակոցով դրսի դուռն են բացել, մտել հերթապահ մաս: Լեզվակռիվ է եղել: Խնդրեցի նկարագրել: Ամուսինս չորս վիրահատություն է ունեցել փորի հատվածում և հինգերորդը ձախ ձեռքի արմունկային մասում, որտեղ իրենք կրակել են ու դուրս է եկել փորից»:

Հասմիկ Ոսկանյանը շարունակեց, որ ամուսինը պատմել է՝ երեք հոգով մտել են ներս, պառկեցրել են գետնին, որ երևի ձեռքերը կապեին. «Ամուսինս պատմեց, որ երեք հոգով են եղել՝ մեկը փրչոտ, կոլոտ, մյուսը բոյով, լիքոտ: Պատմեց՝ լեզվակռիվ տվեցի դուռը չբացելու համար: Երկու քայլ հետ գնացի, ավտոմատը վրաս պահեց ու խփեց: Երդվում եմ՝ իմ ցուցմունքն ամուսնուս բառերով է»:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, քանի որ տուժողի իրավահաջորդը նշեց Մերի Մկրտչանի անունը, որ Գագիկ Մկրտչյանը նաև նրան է պատմել դեպքի հանգամանքների վերաբերյալ, ուստի դատարանը կողմերի կարծիքն է ցանկանում լսել, թե նշված անձին հարցաքննելու ուղղությամբ ինչ կարծիքներ կան: Կողմերը չառարկեցին:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930