Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսատոմ Սերվիս»-ի տնօրեն. ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ժամանակ նոր առաջադրանքներ են ի հայտ եկել

Ապրիլ 17,2019 16:22

«Աշխատանքների այն ծավալը, որը նախագծի սկզբում հայտնի էր, հաշվարկված էր մեկ օրացույցային շրջանի համար, աշխատանքների ընթացքում ի հայտ եկան նոր առաջադրանքներ, նոր տեղեկատվություն: Ինչը նորմալ է եւ չի կարելի համարել խնդիր»,-պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է հայկական կողմը դիմել ատոմակայանին տրամադրված ռուսական վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու համար, ասաց «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը: Պարոն Սալկովը մասնակցում էր Սոչիում կազմակերպված «Ատոմէքսպո 2019» միջազգային համաժողովին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ատոմակայանի արդիականացման աշխատանքների համար Ռուսաստանի կառավարությունը հատկացրել է 300 միլիոն դոլար, որից 270-ը վարկային միջոցներ են, 30 միլիոնը՝ օգնություն դրամաշնորհի տեսքով: ՀԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը:

Եվգենի Սալկովի խոսքով, Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ վարկի մարման ժամկետը երկարաձգելու, քանի որ ոչ ամբողջ գումարն է ծախսվել: Այս պահին, ըստ «Ռուսատոմ Սերվիսի» տնօրենի, ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններ են ընթանում. «Այդպիսի խնդիր դրված էլ չէր, որ ամբողջ գումարը պետք է ծախսվեր: Այս պահին գնում են աշխատանքներ, որը ապագայում հնարավորություն կտա անվտանգ ու արդյունավետ շահագործել էներգաբլոկը, այլ ոչ թե հիմնական խնդիրը ամբողջ գումարը ծախսելն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ 300 միլիոն դոլարը կբավականացնի՞ արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, քանի որ ասացիք՝ ընթացքում նոր առաջադրանքներ են ի հայտ եկել, պարոն Սալկովը պատասխանեց՝ այն նախագծերը, որոնք «Ռուսատոմ Սերվիսի» պատասխանատվության տիրույթում են, միջոցները կբավականացնեն իսկ մնացած խնդիրները ՀԱԷԿ-ն ինքը կֆինանսավորի:

Տեսանյութը՝ շուտով

Ի դեպ, նույն համաժողովի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հույս էր հայտնել, որ ռուսական կողմը վարկի սպասարկման ժամկետը կերկարաձգի մինչեւ 2021 թվականը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930