ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին դուր չեկան խորհրդարանի այսօրվա նիստում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ «Իմ քայլը» խմբակցությանն ուղղված դիտողությունները: Նա նիստի ընթացքում դիմելով Պետրոսյանին՝ ասաց. «Դուք այստեղ դասախոս չէք, դադարեք պատգամավորներին ասել, թե նրանք ինչ գրքեր կամ օրենքներ պետք է կարդան (Պետրոսյանը դասախոսում է ԵՊՀ-ում,-խմբ.): Ձեր կարդացած գրքերը ձեզ չեն երաշխավորել անել այնպիսի արտահայտություններ, որոնք մարդու իրավունքների տեսանկյունից խայտառակություն են համարվում»:
Լենա Նազարյանն ակնարկեց. «Դրանք չեն երաշխավորել նաեւ, որ ձեր խմբակցությունում լինեն մարդիկ, որոնց հանդեպ քրեական գործ է հարուցված (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին): Ձեր կարդացած գրքերը չեն երաշխավորել նաեւ, որ ձեր խմբակցության անդամներից մեկը ՀՀ երկրորդ քաղաքն այնպիսի վիճակի է հասցրել (նկատի ունի Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանին), որ փոսից չեն կարողանում հանել»:
Ապա Լենա Նազարյանը Պետրոսյանին խորհուրդ տվեց երիտասարդ պատգամավորների քաղաքական փորձառությունը շահարկման առարկա չդարձնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ