Մոսկվան կարծում է, որ Բաքվի ու Երևանի միջև վերջին պայմանավորվածությունները՝ ղարաբաղյան կարգավորման շուրջ, չեն մնա թղթի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Սերբիայի իր գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մարդասիրական միջոցառումները հստակ շարադրված են հայտարարության մեջ (նկատի ունի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը-խմբ.). դրանք ենթադրում են կողմերի համաձայնություն՝ շարունակելու լրացուցիչ ջանքերը հանուն իրավիճակի կայունացման, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, պայմանավորվածություններ՝ նպաստելու գերեվարության մեջ պահվողների բարեկամների և հարազատների այցերի կազմակերպման գործում,- ասել է Լավրովը:- Բացի այդ, դա նշանակում է մարդկանց, այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև շփումների հավանականություն: Կարծում եմ, որ դա շատ օգտակար պայմանավորվածություն է»:
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ նման պայմանավորվածությունները, հատկապես մարդասիրական ոլորտում, չեն իրականանում, Լավրովն ասել է.
«Դա ճիշտ է: Ապրիլի 15-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում, զգալով այն մթնոլորտը, որում ընթանում էր աշխատանքը, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են, որպեսզի այս անգամ այդ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան: Մենք դրան կօգնենք»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Խոսելով բանակցությունների ընթացքից՝ նախարարը նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնիշխանության և ուժի չկիրառման» սկզբունքով, բայց «մանրամասները, իհարկե, կոնֆիդենցիալ են»:
https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10218020570283958/
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ