Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ-ի ղեկավարը կդառնա նախարար ու կդառնա վտանգավոր, դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք, էդ ի՞նչ ասելու բան է». Մարուքյան

Ապրիլ 17,2019 15:38

Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկել էր, որ եթե ուզում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը հայտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո, կառավարության հարցուպատասխանին մասնակցեն, թող օրենսդրական նախագիծ բերեն:

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մակունցի առաջարկն անիրագործելի է. «Նա ասում է՝ եկեք օրենք գրենք, բայց Սահմանադրությունը ԱԺ-ի լիազորությունները հստակ սահմանել է: Հնարավոր չէ օրենքով ԱԺ-ին տալ նոր լիազորություններ, պետք էր այս կառուցվածքի մեջ այդ մարմիններին կարգավիճակ տալ: Հետեւաբար, այդ առաջարկությունը գաղափարը թաղելու, երկար ժամանակ ականջի հետեւ գցելու առաջարկություն է: Մենք հիմա պիտի այդ հարցը լուծեինք, մի տարի անցել է: Մեզ ասում են՝ Սահմանադրություն պետք է փոխենք, գիտեք դա ինչ գործընթաց է, մի երկու տարի գնանք քննարկենք»:

Մարուքյանը հեգնեց «Իմ քայլի» հակափաստարկները՝ «Ի՞նչ է նշանակում ասել, որ ԱԱԾ-ի ղեկավարը կդառնա նախարար ու կդառնա վտանգավոր, դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք, էդ ի՞նչ ասելու բան է: Կամ ի՞նչ է նշանակում, որ կքաղաքականացվեն: Հայաստանում այդ մարմինները քաղաքականացվել են այն ժամանակ, երբ չի եղել հասարակական, խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանական վերահսկողության երկրում նման բան չի լինի: Կամ ի՞նչ է նշանակում՝ նրանց հրավիրեք ԱԺ՝ կգան: Փակ հանդիպումները, որ նրանք անում են, խորհրդարանական վերահսկողություն չի դա: Խորհրդարանական վերահսկողության բոլոր լծակները պետք է լինեն թափանցիկ, հրապարակային, ինստիտուցիոնալ: Իրենց առաջարկով կարող է հրավիրես, մի օր գա, մի օր էլ ասի՝ ինձ ո՞ր օրենքով ես կանչում, բարի կամքի հարց է: Ժողովրդավարությունը իրենք ուզում են պահել էմոցիոնալ մակարդակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930