«Ես երբեւէ չեմ ասել, թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ, սուտ եք խոսում այս ամբիոնից եւ ինձ վերագրում մի բան, որը ես չեմ ասել»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք խոսում ենք կառավարման համակարգի վերափոխման անհրաժեշտության մասին: Դուրս եկեք նման ձեւակերպումներից»,-կոչ արեց նա պատգամավորին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է կառավարության կառուցվածքի մասին նախագիծը, որով 17 նախարարություններից մնալու են 12-ը:
Ինչ վերաբերում է Համազասպ Դանիելյանի հարցադրմանը, թե՝ «դուք ո՞ւմ կողմից եք, պարոն Մարուքյան», ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Մենք պետության կողմից ենք եւ այստեղ ենք՝ խնդիրը միասին լուծելու: Մենք մեր փաստարկներով ուզում ենք օգնել ձեզ, հետեւանքների մասին ենք զգուշացնում: Հետո ուզենալու եք նորից գյուղնախարարություն ստեղծել, խնդիր է լինելու»:
Կարդացեք նաև
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլի» պատգամավորներն այսօր ԱԺ ամբիոնից խոսում են բաներ, որոնք արդեն լսել են Արմեն Աշոտյանից, Էդուարդ Շարմազանովից, Հրայր Թովմասյանից, եւ այդ գործելաոճի ժամանակն անցել է. «Դուք պահում եք հին համակարգը՝ ՀՀ-ն թողնելով էմոցիոնալ ժողովրդավարության մակարդակում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ