Ցանկացած իշխանություն իր ձեռքբերումները փորձում է ներկայացնել հանրությանը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Տարիներ շարունակ ԱՎԾ-ն ներկայացրել է հուսադրող տվյալներ, թե իբր տնտեսության առաջընթացն ակնառու է և դինամիկ զարգացումը կանխատեսելի:
Նախորդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել էր, որ 2040թ-ին կունենանք 4 մլն. բնակչություն, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բացվել է 50 հազար աշխատատեղ: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կարևորը թղթերով ամեն ինչ ճիշտ լինի…:
2040թ. հաջողություններին կանդրադառնան հաջորդ իշխանությունները և նրանց վերլուծաբանները: Իսկ այսօր առավել հետաքրքիր է, թե 50000 աշխատատեղ ո՞ր ոլորտներում է բացվել կամ ստեղծվել, և եթե բացվել է, ապա ինչո՞ւ նախապես այդ թափուր տեղերի համար հայտարարություններ չեն տրվել: Կարծում եմ աշխատուժի 20%-ից բարձր գործազրկության պայմաններում անհրաժեշտ էր նոր բացվող աշխատատեղերի մասին տրվեր հրապարակային թափանցիկ տեղեկատվություն:
Կարդացեք նաև
Ինչ խոսք, հնարավոր եմ համարում, որ հազարավոր աշխատատեղեր ստվերից են դուրս բերվել, կամ գուցե՞ ուժային կառույցներում են ավելացել նոր աշխատատեղեր: Եթե պաշտպանության նախարարությունում են ավելացել, ապա այն միայն կարելի է ողջունել:
Ստվերից դուրս բերված աշխատատեղերի մասին արժե իմանալ, թե հատկապես ո՞ր օլիգարխիկ շրջանակներում է եղել մեծ ստվեր: 50 հազար աշխատող, եթե ստվերից են դուրս եկել, դա չի նշանակում, որ մինչ այդ նրանք աշխատավարձ չեն ստացել: Պարզապես նրանց գործատուները թաքցրել են սոցիալական պարտավորությունները այդ աշխատողների մասով և պետական բյուջե չեն վճարել իրենց հարկային պարտավորությունները:
Բոլոր դեպքերում այսօր նկատելի է կրճատումների վտանգը, որը համեմվում է օպտիմալացում ձևակերպմամբ:
Կարծում եմ, հետագայում անհրաժեշտ կլինի նոր աշխատատեղերի առկայության մասին նախապես լինեն թափանցիկ հայտարարություններ:
Ինչ խոսք, 100-ից ավելի աշխատատեղերի առկայությունը առավել ցայտուն է երևում հատկապես ԱԺ-ում` պատգամավորների թվաքանակին համապատասխան նոր օգնականներ, քարտուղարուհիներ, սպասարկող անձնակազմ:
Ի դեպ, նրանցից և ոչ մեկը հավելյալ արժեք չի ստեղծում:
Կարծում եմ, ԱՎԾ-ի կողմից մշակվող վիճակագրությունը հանրությանը պետք է ներկայացվի առավել համոզիչ մեթոդաբանություն ընտրելով: Հակառակ պարագայում թղթի վրա կլինի զարգացման դինամիկա, իսկ իրական կյանքում` կրճատումներ և անորոշություններ…:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ