Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը մի քիչ հիվանդացել է. որդի կորցնելը՝ 30 տարեկան, շատ դժվար բան է». սպանված ոստիկանի քավորը՝ Վահրամ Տեփանոսյանի ցուցմունքի մասին

Ապրիլ 17,2019 14:56

«Ծանր օրեր են եղել, իմացել, գնացել իրենց կողքն եմ կանգնել, մինչև իմ հիվանդությունը ձեռք բերելը: Դրանից հետո իրավահաջորդ դարձել է կինը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ Տիգրան Գրիգորյանը: Նա ներկայացավ՝ ընտանիքի քավորն է, նաև մասնակցել է Յուրի Տեփանոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը:

Այդ գործընթացի վերաբերյալ նա ներկայացրեց որոշ մանրամասներ. «Ես գնացել եմ, դիահերձմանը մասնակցել եմ, իմ սրտով, հոր ասելով, որ ինքը պետք է հավատար ինձ: Իմ աչքի առաջ Յուրի Տեփանոսյանին մերկացրել են. տեսել եմ, որ իր վրա ոչ մի հետք չի եղել, գլուխը բացելուց հետո լեզվի մեջից հանել են փամփուշտը: Կարմիր սանտիմետրի վրա չափել են գնդակը, իմ ներկայությամբ գրել են: Դա լրիվ լուսանկարված է»:

Մեղադրող Պետրոսյանը հարցրեց՝ Յուրի Տեփանոսյանի ծառայության վերաբերյալ մանրամասներ ունե՞ք, նա պատասխանեց՝ ուրախ գնացել, ուրախ հետ է եկել, ծառայել է ներքին զորքերում, ոչ մի հարցով ինձ չի դիմել:

Նա նշեց, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին՝ 2016 թվականին՝ ժամը 16.30-17.00: Իսկ թե ինչպե՞ս է սպանվել Յուրի Տեփանոսյանը, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Տեղեկություն ունեին, որ սնայպերը վերևից խփել է, այնտեղ այդպես էին խոսում, մի քիչ ուշ եմ գնացել, կանգնել եմ մոր, հարսի կողքին»:

Հարցին՝ այն տեսակետներին, որ հայտնում է Յուրի Տեփանոսյանի հայրը, համաձա՞յն է, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Ես թույլ չէի տալիս իմ ներկայությամբ նման խոսակցություններ: Իմ տեսակետը կարող եմ ասել: Ինքը մի քիչ հիվանդացել է. որդի կորցնելը՝ 30 տարեկան, շատ դժվար բան է: Դեպքից մեկ տարի հետո հայրը սկսեց հայտարարել, որ իր որդուն սպանել են ոստիկանները, ոչ թե «Սասնա ծռերը»:

Պավել Մանուկյանը հարցրեց՝ «Տիգրան ջան, դու զենքից պատկերացում ունե՞ս, կարող ես ասել քո տեսածը SKS տեսակի զենք է՞ր, թե՞ դրակունով զենքը»: Նա պատասխանեց. «Ես փորձագետ չեմ: Իմ աչքի առաջ փամփուշտը չափել են. տրամագիծը եղել է 7.62: Որ տեսնեմ, իրարից կտարբերեմ»:

Դատարանն անցավ տուժողի մյուս իրավահաջորդների հարցաքննությանը: Հարցաքննվեց Արփինե Թումասյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930