ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն չունի`ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, քաղաքական ապաստան հայցե՞լ է Չեխիայի իշխանություններից, թե՝ ոչ: Այսօր, այդ մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը (Ֆրանկլին Գոնսալես) քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայի Հանրապետությունից: Ըստ նույն աղբյուրի, Չեխիայի դատարանը կասեցրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործի քննությունը, եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար:
Դատախազն ասաց, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացից առայժմ նորություն չկա. «Միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցոն գործընթացի մեջ ենք»:
Հիշեցնենք, 2018թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ. հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի`վերջերս հրապարակած Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակից, որտեղ մեղադրանքներ են հնչեցվում Ռոբերտ Քոչարյանի հասցեին:
Հիշեցնենք, Վահան Շիրխանյանը հարցաքննվել էր ՀՔԾ-ում եւ պնդել բաց նամակում արած իր հայտարարությունները: Գլխավոր դատախազն ասաց, որ այդ գործով ևս նորություններ չկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ