«Կրթության ոլորտում հենց հիմա ունենք ահռելի խնդիրներ: Օրերս դպրոցի ուսուցիչները ցուցմունք էին տալիս այն մասին, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ»,-ԱԺ-ում այսօր կառավարության նոր կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտները միավորվելու են մեկ նախարարությունում:
«Ահա այս կարգի խնդիրներ արդեն ունենք կրթական ոլորտում: Բացի այդ, ուսուցիչներն այնքան են արժեզրկվել եւ հեղինակազրկվել, որ նախարարը նրանց անվանում է «ընտրակեղծարար»: Կամ, տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս եւ տնօրենի սենյակից զանգում է նախարարին, հեռախոսը փոխանցում տնօրենին, եւ նախարարը, փոխանակ պարզի, թե ինչն է խնդիրը, որ տնօրենը ծնող է կանչել, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա: Նման իրավիճակում, այսքան խնդիրներ ունենալով, նախարարությունը միացնում ենք մեկ այլ նախարարությանը, որը եւս հարուստ է խնդիրներով»,-եզրափակեց Գեւորգ Գորգիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ