Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներին դեռ չի տրամադրել 1 ամիս առաջ հրապարակած որոշումը

Ապրիլ 17,2019 13:26

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանին ու Հայկ Հակոբյանին դեռ չի տրամադրել 1 ամիս առաջ հրապարակված որոշումը։

2019թ. հունվարի 19-ին Գյումրիում մահացած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  քննիչ Վ. Սամվելյանի և ՀՀ Շիրակի մարզի դատախազ Վ. Միրզոյանի որոշումները, որով վերջիններս մերժել էին Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրված ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքից ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։

2019թ․ մարտի 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վ. Միսակյանի նախագահությամբ, մերժեց բողոքը, բայց որոշում կայացնելուց մեկ ամիս անց իրավահաջորդի ներկայացուցիչները չեն ստացել բողոքը մերժելու որոշումը։

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց է, այն միաժամանակ կատարում է նաև քրեական հետապնդման մարմիններին զսպող գործոնի դեր, ինչն էլ իր հերթին նպաստում է քրեական գործի նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելուն։ Իսկ ՀՀ Սահմանադրության 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածներից հետևում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական վերահսկողություն իրականացնելիս դատարանը կաշկանդված է գործը ողջամիտ ժամկետներում քննելու հանգամանքով, հակառակ պարագայում վտանգի տակ է դրվում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական վերահսկողության ինստիտուտի իրացումը։

Դատարանի որոշումը չստանալով՝ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները փաստացի զրկված են տուժողի իրավահաջորդի խախտված իրավունքները և ազատությունները դատական պաշտպանության իրավունքի միջոցով վերականգնելու հնարավորությունից։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930