Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների առաջ կենդանասերների բողոքի ակցիաները պարբերաբար կրկնվող բնույթ են ստացել։ Ամեն անգամ այգում որեւէ կենդանատեսակի հիվանդանալուց կամ անկելուց հետո բողոքի ալիքն ավելի է ուժգնանում։ Տեղեկություններ կան, որ բողոքի ակցիաներում գաղտնի ներգրավված են որոշ անձինք, ովքեր կոնկրետ շահ են հետապնդում, ըստ այդմ էլ՝ ուղղորդում բողոքավորներին, մասնավորապես՝ այգու նախկին աշխատակիցներին։
Կենդանաբանական այգում վերջին շրջանում անկած կենդանիների, բողոքների եւ արհեստածին լարվածության մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ։
– Պարոն Խաչատրյան, դեռեւս 2018 թվականից ժամանակ առ ժամանակ ցուցարարների խումբ է կազմվում, ովքեր պահանջում են ձեր հրաժարականը։ Նրանցից շատերը հիմնականում կենդանաբանական այգու նախկին աշխատողներ են։ Սա պարզապես վրե՞ժ է նրանց կողմից, թե ինչ-որ մեկի կողմից ուղղորդված շարժում։
– Իրականում, այն մարդիկ, որոնք նախկինում աշխատել են կենդանաբանական այգում, կամ այս ընթացքում հեռացվել են աշխատանքից, ուղղակի գործիք են դարձել ավելի ծանրակշիռ ուժերի կողմից, որոնք էլ կոնկրետ նպատակ ունեն կենդանաբանական այգու հետ կապված։ Առաջին հերթին դա բիզնես նպատակն է՝ տեղում կարուսելներ, սրճարաններ, գումար աշխատելու տարատեսակ հնարքներ են ցանկանում մտածել եւ իրագործել, երկրորդը՝ անմիջապես կապված է վայրի կենդանիների առեւտրի հետ, որը բազմիցս իրականացվել է։ Նախկինում եղել է, որ մարդիկ են եկել, ինձ առաջարկել են վաճառք իրականացնել, մերժվել են, այսօր այդ նույն մարդիկ կանգնած են աշխատակիցների հետեւում եւ արդեն իրենց քայլերն են անում՝ շատ բացահայտ կերպով։ Ցուցարարներից շատերը խոսում են կենդանիների բարեկեցության, սրտացավության մասին, կենդանասիրական որոշակի մղումներով փորձում են մարդկանց ուշադրությունը գրավել, բայց նրանց արածը բացարձակապես կապ չունի ո՛չ կենդանիների բարեկեցության, ո՛չ էլ կենդանասիրության հետ։ Աշխարհում կենդանիների առեւտրով զբաղվող շատ հայտնի Արթուր Խաչատրյանը, Արտյոմ Վարդանյանը, որը հանդիսանում է «Ջամբո» ռեստորանի տնօրեն, սրանք մարդիկ են, որոնք խառնել են կենդանասիրությունն ու բիզնեսը։ Մարդիկ են, ովքեր ամբողջ աշխարհում հայտնի են իրենց արածներով, եւ ես չեմ, որ պետք է բացահայտեմ իրենց։
Կարդացեք նաև
Նույն Արտյոմ Վարդանյանը մեկ տարի Տանզանիայի բանտում է եղել իր եղբոր հետ, 40-ից ավելի կապիկներ տեղափոխելու մեղադրանքով։ Այսինքն, սրանք մարդիկ են, ովքեր անմիջական կապ ունեն իրար հետ, միանման բիզնես հետաքրքրություններ ունեն, եւ կենդանաբանական այգին այս պահին իրենց համար հանդիսանում է մի վայր, որը կարող է հետագայում բիզնես գործունեությունն ավելի հեշտացնել։
Բայց ավելի շատ իրենց թիրախում Ռուբեն Խաչատրյան անձն է, քան կենդանաբանական այգին։ Բազմիցս ասել եմ եւ եւս մեկ անգամ եմ կրկնում՝ Հայաստանը երբեք չի դառնա կենդանիների տարանցիկ երկիր, շատ շուտով կլինեն օրենքներ, որոնք բոլորովին պայմանավորված չեն լինի Ռուբեն Խաչատրյան անձով, քանի որ սա պարզապես ժամանակի հրամայականն է, եւ պահը հասունացել է վաղուց։ Հայաստանը պետք է դուրս գա այդ ստվեր նետող երկրների ցուցակից, որը եղել է նախկինում։
Ցավոք սրտի, Գյումրու հայտնի դեպքերի հետ էլ է սա կապված, որն ամբողջ աշխարհում տարածվեց որպես ամենատխուր կենդանաբանական այգի ունեցող քաղաք։ Գյումրու կենդանիների մեծ մասը վաճառվել էր հենց Երեւանի կենդանաբանական այգու միջոցով։ Որտեղ էին այդ կենդանասերներն այդ ժամանակ։ Նրանք նույն այդ առյուծներին եւ մնացած կենդանիներին օգտագործում էին իրենց գրպանները լցնելու համար՝ այցելուներին առաջարկելով նկարվել կենդանիների ձագերի հետ։ Կենդանուն որեւէ կերպով օգտագործելն իր ոչ բնական վիճակում՝ շորեր հագցնել եւ այլն՝ կենդանասիրությունից շատ հեռու է։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում