Ակնկալվում էր, որ պառլամենտական մոդելի անցած երկրի ԱԺ-ն մասնավորապես հեղափոխությունից հետո պետք է ավելի բարձր նշաձողի հավակնի՝ մեծացնելով հարգանքն ու ակնածանքը արդար ընտրությունների միջոցով ձեւավորված թիվ մեկ քաղաքական ամբիոնի նկատմամբ։ Մինչդեռ այդ ամբիոնից վերջին շրջանում հնչող ելույթներից տպավորություն է, թե որոշ գործիչներ ԱԺ-ն շփոթել են ուղղիչ-դաստիարակչական ինչ-որ հիմնարկի հետ, եւ ժողովրդի մանդատն իրացնելու, կառուցողական մթնոլորտում աշխատելու փոխարեն զբաղված են սուբորդինացիայի ճշգրտմամբ, օպոնենտների վրա մատ թափ տալով, նրանց խելք սովորեցնելով՝ հընթացս կողքինների աչքը խոթելով սեփական քաղաքական փորձն ու «բարեմասնությունները»։
Բնական է, որ մի քանի գումարում անընդմեջ պատգամավոր աշխատած պաշտոնյան ստաժի առումով առավելություն ունի նրա նկատմամբ, որն առաջին անգամ է ոտք դրել ԱԺ։ Բայց ստաժավոր լինելը միշտ չէ, որ նաեւ «մասնագիտական պիտանիության» երաշխիք է, եւ առավել եւս հիմք՝ ոչ ստաժավորների մարդկային եւ պրոֆեսիոնալ որակները կասկածի տակ առնելու, նրանց հանդեպ քամահրական դիրք բռնելու, նրանց լինելիությունն ԱԺ-ում վիճարկելու համար։
Մյուս կողմից էլ քաղաքական մեծամասնության մանդատը դեռեւս հիմք չէ հարաբերական փոքրամասնության ընդդիմադիր կեցվածքը կասկածի տակ առնելու, վերջինիս կարծիքն արհամարհելու եւ հակահեղափոխական լինելու համար մեղադրելու։ Պարզապես առկա է ԱԺ կանոնակարգը հարգելու եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատելու պայմանը մեկընդմիշտ ֆիքսելու անհրաժեշտություն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում