Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր բիզնեսների սեփականատերերն ակնհայտորեն փորձում են իրենց անարդյունավետ գործունեության հետեւանքով աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված մարդկանց դժգոհության սլաքն ուղղել կառավարության դեմ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 17,2019 11:52

Վերջին օրերին Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերությունների («Սպայկա», «Գազպրոմ-Արմենիա», Արարատի ցեմենտի գործարան եւ այլն) շուրջ ծավալվող իրադարձությունները եւ դրանց մեկնաբանությունները շատերի մեջ կասկածներ առաջացրին, թե գործ ունենք լավ կազմակերպված սաբոտաժի հետ։ Իրականում այդ գործընթացների միջեւ էական տարբերություններ կան։

Ասենք, Արարատի ցեմենտի գործարանի՝ ամսական 70- 80 հազար դրամով ահավոր պայմաններում աշխատող բանվորներին չես համեմատի «Գազպրոմ-Արմենիայի» միջանցքներում ճեմող ու ամսական մի քանի հարյուր հազար դրամ ստացող աշխատողների հետ։ Մեկ այլ էական տարբերություն էլ կա՝ «Գազպրոմ-Արմենիայի» սեփականատերերը հանգիստ կարող էին մի քանի հազար աշխատող ավել պահել ու «բոլ-բոլ» աշխատավարձ տալ. միեւնույն է՝ իրենց գրպանից չէին տալու, այդ գումարները ներառվելու էին գազի սակագնի մեջ, ու վճարողը լինելու էին շարքային սպառողները։ Իսկ ահա Արարատի ցեմենտի գործարանում (եւ նման կարգի այլ ընկերություններում) պատկերը բոլորովին այլ է՝ ինչքան ցածր են աշխատավարձերը, այնքան մեծ են սեփականատերերի եկամուտները, այսինքն՝ աշխատավարձ բարձրացնելու դեպքում սեփականատերերն ըստ էության «իրենց գրպանից» են տալիս այդ գումարները։

Իսկ նմանությունն այն է, որ բոլոր դեպքերում գործ ունենք աշխատատեղերի հնարավոր կրճատումների հետ։ Ու հենց այստեղ է, որ սաբոտաժի «տարրեր» են նկատվում։ Որովհետեւ բոլոր այդ ընկերությունների տնօրինությունները մոտավորապես նույն վարքագիծն են դրսեւորում։ Իրենց աշխատակիցներին խնդիրը ներկայացնում են այսպես՝ «դե մենք կառավարության գործունեության արդյունքում ստիպված ենք կրճատումներ անել, բայց մեղավորը մենք չենք, մենք ձեր մասին շատ ենք մտածում, բողոքում եք՝ գնացեք կառավարության դեմ բողոքեք»։ Իհարկե՝ ուղիղ տեքստով չեն ասում, բայց ի՞նչ եզրակացության պիտի հանգեն, ասենք, «Սպայկայի» աշխատակիցները՝ հետեւելով հակակառավարական քարոզչությանը։ Պիտի մտածեն՝ «դե ջանդամը, թե տնօրենը հարկերից չէր խուսափել, կտաներ՝ կտար, բայց բռնեցին ու կալանավորեցին, ու հիմա այդ բռնողների պատճառով կարող ենք գործազուրկ դառնալ»։

Ի՞նչ պիտի մտածեն «Գազպրոմ-Արմենիայի» այն աշխատակիցները, որոնք հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Պիտի մտածեն՝ «դե մեզ համար հանգիստ աշխատում էինք, էս կառավարությունը որոշեց գազը չթանկացնել, ու դրա պատճառով մենք ենք տուժում, բա էս կառավարություն ա՞ հեչ, մեր մասին չի մտածում»։ Պարզ ասած՝ խոշոր բիզնեսների սեփականատերերն ակնհայտորեն փորձում են իրենց անարդյունավետ գործունեության հետեւանքով աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված մարդկանց դժգոհության սլաքն ուղղել կառավարության դեմ՝ նրանց ներշնչելով այն միտքը, թե կառավարությունը պարտավոր է կրճատումներից խուսափելու համար ենթարկվել իրենց քմահաճույքներին ու «պարել իրենց դուդուկի տակ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930