Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարող է դիմել Ադրբեջանի ժողովրդին, իսկ Ալիեւն՝ անդրդվելի է

Ապրիլ 17,2019 13:00

«Մի՞թե ԼՂ-ում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա»

Մինչ ապրիլի 15-ը՝ Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, Արցախյան թեման անցյալ շաբաթ լայնորեն շոշափվեց ԵԽԽՎ-ում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք կարեւոր ուղերձներ հնչեցին:

Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում ԼՂ-ի հակամարտությունը կարեւորագույն մարտահրավեր ներկայացնելով՝ կարեւորեց այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կարողացել է «բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել»: Ապա` հավելեց, որ համոզված է, որ միայն ղեկավարների միջեւ երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: «Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի: … Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը եւ պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի: Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս` անձամբ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ ըստ էության, այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, եւ ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք», ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նույնիսկ քննադատեց ԵԽԽՎ-ին, նշելով, այդ ամբիոնը երբեմն օգտագործվում է նաեւ պատերազմներ հրահրելու համար, ապա մասնավորեցրեց. «Այս առումով չեմ կարող չնկատել, որ ԼՂ-ի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016թ. հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի, թե’ Ադրբեջանի համար»:
Փաշինյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, սակայն հավելեց, որ սա ամենեւին չի նշանակում, թե Եվրոպայի խորհուրդը հակամարտության գոտում անելիք չունի: «Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում ԼՂ-ում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որեւէ միջոց չի ձեռնարկում ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության կայացման համար: Սրա բացատրությունն այն է, որ ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽ-ի եւ ԵԽԽՎ-ի անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե ԼՂ-ն դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե ԼՂ-ում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է եւ ոչ թե իրական մարդը»,- ասաց նա:

Նա ԵԽԽՎ ամբիոնից կոչ արեց Եվրոպայի խորհրդին եւ ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, աջակցել Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը:

 

Մարդու իրավունքների հանձնակատարին հնարավոր է Արցախ այցելելու մանդատ եւ իրավունք տրվի

Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում հանդիպումից հետո հանդես էին եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին: Յագլանդն իրեն ուղղված հարցին ի պատասխան այս թեմայով նշել էր. «Մենք չենք կարող մշտադիտարկում իրականացնել այդ գոտիներում, քանի որ դրանք եվրոպական տարածք չեն: Լեռնային Ղարաբաղն այդպիսի գորշ գոտի է հանդիսանում եւ իմ առաջարկն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարին մանդատ եւ իրավունք տրվի այցելել այդ գոտիները: Կարծում եմ՝ դա հնարավոր է եւ դրա համար պետք է քաղաքական հայտարարություն արվի եվրոպական կառավարությունների կողմից: Իմ համոզմունքն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա աշխատել ոչ քաղաքական հարթությունում՝ մարդասիրական նպատակներով»:

 

«Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, ինքը ծնվել է»

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել էր պատգամավորների հարցերին։ Նա կարեւոր համարեց շեշտել, որ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձեւը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը ադրբեջանցի գործընկերներին եւ հանրությանը՝ «մեր ամենակարեւոր անելիքներից մեկն է»։

Փաշինյանը ԵԽԽՎ-ում հստակ շեշտեց, որ իշխանության խնդիրն է, որ ստեղծվեն պայմաններ, որպեսզի Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը չընդհատվի: Նա հիշեցրեց 1990-ականները, երբ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ հավելելով. «Մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձեւաչափում քննարկումը շարունակելու հարց, որովհետեւ տեսեք կա պարզ խնդիր, սա մեզ համար բացարձակապես նախապայման չէ, քմահաճույք չէ: Ոմանք նույնիսկ սա փորձեցին որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է, որովհետեւ մենք ասում ենք՝ մենք ո՞ւզում ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի, որովհետեւ շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում եւ դեռ կարող ենք շատ շարունակել: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, եւ որտեղ ծնվել են, ապրել են եւ հուղարկավորվել են իր նախնիները: Ես դրա համար նաեւ իմ խոսքում ասացի, որ յուրաքանչյուր հակամարտություն, յուրաքանչյուր իրավիճակ պետք է նայել իր էության մեջ, որովհետեւ հասկանալի է, որ կան բազմաթիվ նրբություններ եւ մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել հակամարտության բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները եւ համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրների, պետությունների, ժողովուրդների: Եվ մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»:

Նա հիշեցրեց, իր խոսքով՝ «գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով»: «Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին եւ խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի եւ հանկարծ որեւէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջեւ սկսվի եւ տեղի ունենա, որովհետեւ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է եւ մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»:

Պաշտոնական Երեւանի վերոնշյալ հորդորները առայժմ անարձագանք են մնում։ Օրերս էլ թեման զարգացրել է նաեւ պաշտոնական ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նա նշել է, թե չպետք է բացառել, որ այն պահն էլ հասունանա, երբ Փաշինյանն ուղղակիորեն դիմի Ադրբեջանի ժողովրդին. «Կարող է ոչ միայն թարգմանչի միջոցով դիմել, հնարավոր է այսպիսի տարբերակ էլ՝ հնարավոր է նաեւ ադրբեջաներենով դիմի, եթե այսքան կարճ ժամանակում այլ լեզուներ է սովորել, հնարավոր է նաեւ այդ տարբերակը, բայց, ինչ վերաբերում է ժողովուրդների հետ խոսելուն, դեռ այդ պահը չի հասունացել, բայց հնարավոր է, որ այդ պահն էլ հասունանա, չպետք է բացառել նման տարբերակը, որովհետեւ այն միջավայրը, որը Հայաստանում է ստեղծվել եւ այն ամբողջ կառավարման համակարգը, որը Հայաստանում է, ավելի մեծ վստահություն է ստեղծում, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի ինքնավստահ քայլել եւ նաեւ միջազգային քաղաքականություն վարել»։

 

Բաքուն չի մտնում Փաշինյանի հնչեցրած թեմաների բանավեճի մեջ

Պաշտոնական Երեւանը մեկ անգամ եւս շեշտեց ԵԽԽՎ-ում, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Բայց Ադրբեջանից նմանատիպ հայտարարություններ Հայաստանն ու միջազգային հանրությունը չի լսում:

Ավելին, թեեւ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից շեշտեց, որ հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, պաշտոնական Բաքուն, կարելի է ասել, բացարձակապես ականջալուր չի լինում այս թեմաներին, որոնք Փաշինյանն, ի դեպ, հնչեցրել է ոչ միայն ԵԽԽՎ ամբիոնից: «Ադրբեջանին ուժի կիրառումից եւ սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա 1975թ. կնքված Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- նշվել է օրերս Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: «Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովն էլ կարծիք է հայտնել, թե Փաշինյանը ներկայացրել է այնպիսի դիրքորոշումները, որոնցում «քննարկման թեմա չկա». «Հայկական կողմը կտրականապես հրաժարվել է զբաղվել օկուպացված տարածքների ազատագրման հետ կապված հարցերով, շարունակում է պնդել, որ ձեւաչափը փոխվի: Այս իրավիճակում ես հանդիպման հեռանկար չեմ տեսնում: Միակ փաստը, որը կարելի է նշել, բանակցությունների նմանակումն է, իսկ իրականում՝ մի կողմ թողնել հրադադարի ռեժիմը եւ ռազմական գործողություններ վերսկսել»:

Այսպես, Հայաստան-Ադրբեջան ղեկավարների հանդիպումներն այնպիսի փուլում եմ, երբ չի կարելի բացառել ինչ-ինչ հումանիտար քայլերը, սակայն խոշոր հաշվող, կարգավորման գործընթացը, գոնե դատելով պաշտոնական Բաքվի հայտարարություններից՝ կայուն կերպով ոչ կառուցողական փուլում է գտնվում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930