Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը` Դավիթ Սանասարյանի մասին

Ապրիլ 17,2019 11:47

«ՊՎԾ-ի աշխատակցների գործով նախաքննությունը շարունակվում է, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով այդ գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի իբրեւ կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկություններին: Կկալանավորվի՞ Դավիթ Սանասարյանը, թե ոչ հարցին, գլխավոր դատախազը պատասխանեց. «Թույլ տվեք ձեր հարցին այս պահին ավելի հստակ պատասխան չտալ` խոստանալով, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կտրվի»: Արթուր Դավթյանը վստահեցրեց` նախաքննության շահն է պահանջում այս պահին ավելին չասել, բայց անհրաժեշտ պահին կասվի, «իսկ դա ուշ չի լինի»:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Հետագայում ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930