ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որը նախագծի զեկուցողն է, հարցրեց. «Ձեր ընդդիմադիր գործունեության ժամանակ դուք սկզբունքորեն դեմ էիք հապճեպ որոշումներ ընդունելուն: Կառավարության կառուցվածքի մասին կարեւոր եւ լուրջ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի արտահերթ նիստում: Մեր խմբակցության առաջարկները կետ առ կետ չեն քննարկվել, դուք միայն լսել եք Էդմոն Մարուքյանի զեկույցը եւ այն համարել մերժելի: ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ բոլոր առաջարկները քննարկվեն: Ի՞նչ փոխվեց ձեր մոտ, որ այսպես սկսեցիք վերաբերվել ԱԺ-ին»:
Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Իմ սկզբունքայնության հարցն այսօրվա հետ կապ չունի, դա փոքրամասնության հնարքներից է, որը դուք հիմա բանեցնում եք: Էդմոն Մարուքյանի առաջարկները կետ առ կետ քվեարկել ենք պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը: Այս պահին այս կառուցվածքն է, որովհետեւ գտնում ենք, որ կարող ենք իրականացնել մեր պարտավորությունները դրանով»:
Գորգիսյանը չհամաձայնեց. «Մեր առաջարկների փաթեթը քվեարկվել է, բայց կետ առ կետ չի քննարկվել: Մենք չենք լսել, թե այս կամ այն կետի վերաբերյալ կառավարությունն ինչ մոտեցում ունի: Մանիպուլյացիաներ մի արեք եւ իրականությունը մի խեղաթյուրեք»:
Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին պնդեց, որ բոլոր առաջարկները քննարկել են. «Մեր համար ընդունելի է այն տարբերակը, որը ներկայացրել ենք: Մի խեղաթյուրեք իրականությունը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է ոչ թե 17, այլ 12 նախարարություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ