Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են մի քանի առաջարկներ, այդ թվում 2016թ. Ռուսաստանի առաջարկը: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Անցկացվել են լայն էական բանակցություններ: Սկզբում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների միջև: Կոնկրետ ձևով քննարկվել են հարցեր, որոնք մինչ այժմ խոչընդոտում էին բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող խոսել լիարժեք առաջխաղացման մասին: Սակայն մենք կարողացանք առավել մանրամասն և խորությամբ հասկանալ այն պահերը, որոնք մեզ մոտ խնդիրներ էին առաջացնում հայկական կողմի հետ»,- ասել է Մամեդյարովը:
Նախարարը հավելել է, որ քննարկումներ են տարվել 2016թ. Ռուսաստանի առաջարկած ծրագրի վերաբերյալ:
«Բնականաբար մեկ հանդիպմամբ այդ բոլոր հարցերը չես լուծի: Այս հանդիպման ձեռքբերումն այն էր, որ մենք հասկացանք՝ ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ է պետք լուծել: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում հարցեր՝ կապված կարգավիճակի և անվտանգության հետ: Մենք էլ մեր հերթին շեշտը դնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման և հարկադիր տեղահանվածներին իրենց հայրերնի հողերը վերադարձնելու վրա: Քննարկումներն ընթացել են այդ չորս հարցերի շուրջ, որոշում է կայացվել շարունակել բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը և Սերգեյ Լավրովը: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ