Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Մեկ տարին բավական ժամանակ է, որպեսզի գոնե իմանայինք, թե ինչ է տեղի ունենալու»

Ապրիլ 16,2019 23:03

Թավշյա, ոչ բռնի ու սիրո հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի: Բացի իրավիճակից, ի՞նչ փոփոխություններ են կատարվել նոր Հայաստանում: Այս մասին  խոսել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Ստեփան Մարգարյանը: «Մեկ տարին երկրում փոփոխությունների համար շատ քիչ ժամանակ է: Բայց մեկ տարին շատ ժամանակ է, որպեսզի գոնե իմանայինք՝ ինչ է տեղի ունենալու: Մենք այս մեկ տարվա ընթացքում ունեցանք երկու խոշոր ընտրություն՝ քաղաքի ավագանու եւ Ազգային ժողովի: Ցավոք սրտի, երկուսն էլ տեղի ունեցան առանց լուրջ ծրագրային պայքարի: Ես հիշում եմ նույնիսկ այսօրվա իշխանությունը ձեւավորած քաղաքական ուժը՝ դաշինքը, երկու դեպքում էլ ասում էր. «Այ, մենք հիմա կգանք իշխանության եւ կկազմենք ծրագիր»: Սովորաբար, լինում է հակառակը՝ կազմում են ծրագիր: Ծրագիրը պարտադիր է, որովհետեւ անցնելու է մեկ, երկու ամիս, մեկ տարի եւ դու ասելու ես, թե ինչ ես արել: Հիմա նույնիսկ դժվար է գնահատել, թե ինչ է տեղի ունեցել, արդյո՞ք, գնում է նույն հունով, թե չի գնում, որեւէ  նախընտրական խոստում կատարվո՞ւմ է, թե չի կատարվում, որովհետեւ չկան այդ ծրագրերը:

Այդ ամբողջ ընթացքում, երբ կազմվում էր ժամանակավոր կառավարությունը եւ դրանից հետո էլ, երբ ընտրություններից հետո կազմվեց կառավարություն, ես շատ ուշադիր հետեւում էի, թե ովքեր ղեկավարում էին կամ ղեկավարելու են, ամեն մի ոլորտի վերաբերյալ ով ինչ պատկերացում ունի: Ու ցավոք սրտի, մինչեւ հիմա մենք չունենք որեւէ տեսակետ որեւէ ոլորտի ղեկավարից, թե ինչ է սպասվում մեզ տվյալ ոլորտում եւ ինչ պետք է անել, որ դա տեղի ունենա: Ինչ ասում եմ, ցավով եմ ասում,այլ ոչ թե հենց այն պես ընդդիմադիր դիրքերից խոսելով:

Ի՞նչ տեղի ունեցավ: Իշխանության  եկավ մի քաղաքական ուժ, դաշինք, ով սկզբնական շրջանում իր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի, շնորհիվ ուներ անսպառ վստահության պաշար: Այդպիսի վստահությամբ իշխանություն կազմող քաղաքական ուժը ունակ է շատ լուրջ բարեփոխումներ կատարել: Դա ենթադրում էր համախմբել հասարակական-քաղաքական դաշտի կորիզը եւ որոշակի ծրագրերի շուրջ երկրում բարեփոխումներ իրականացնել, որոնք կարող էին լինել ոչ պոպուլիստական: Բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը: Անմիջապես իշխանության գալուց հետո ատելության, թշնամանքի  քարոզ սկսվեց, ովքեր այլ կարծիք ունեին, հայտարարվում էին հակահեղափոխական: Լավագույն տարբերակի չի չէ՞ հասարակությանը համախմբել ասֆալտին փռելով կամ պատերով տալով: Դա մի քիչ վտանգավոր է: Լավագույն ձեւը չի անընդհատ ատելություն սերմանել: Այդպիսի երկրում առաջընթաց չի լինում:

Գնալով լարվում է բոլոր ոլորտներում: Այսօր մարզերում, քաղաքներում,գյուղերում անընդհատ միտինգներ են ու  ճանապարհներ փակել: Ես չգիտեմ ուր ենք գնում: Մոտենում ենք մի վտանգավոր շեմի ու տպավորություն է, որ այս ամենը կազմակերպված ամենաթողություն է: Տնտեսությունը, որը կարծես պիտի նոր իշխանության համար զբաղվելու առաջնային խնդիրը լիներ, արդեն մի տարի է չեմ զգում որ գերակա խնդիր է: Ի՞նչ է տեղի ունենում, եթե անկեղծ լինենք: Օլիգարխիայի անվան տակ մի տեսակ պատերազմ է հայտարարված խոշոր կապիտալին: Մեր տնտեսությունը խայտառակ վիճակում է ու գնալով վատանում է՝ ինչքան էլ ասեն, թե լավանում է: Խոշոր կապիտալի մրցակցային դաշտ բերելով  պետք է տնտեսությունը զարգանա: Եթե հիշում եք, երկրորդ ԱԺ ընտրություններից առաջ բոլորը խոսում էին, թե ներդրումներ չկան եւ ասում էին, թե նախկին ԱԺ-ն է մեղավոր: Ասում էին՝ բոլորը սպասում են ընտրություններին, եկեք արագ անենք: Շըփ-թըփ ընտրություններ արեցինք: Ունենք գրեթե առանց ընդդիմության Ազգային Ժողով: Հերթը, որ կանգնած էր, հիմա պետք է եկած լիներ: Ո՞ւր են, ո՞ւր է այդ հերթը, ո՞ւր են ներդրումները: Կառավարության անդամները մի օր պետք է ասեն, թե առանց ներդրումների ինչպես են պատրաստվում տնտեսությունը զարգացնել: Ես կարծում եմ այս մթնոլորտում որեւէ մեկը չի գա ներդրում անելու»,-ասել է բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930