Նախնական տեղեկություններով, Երեւանում երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներով զուգորդված միջադեպի հետեւանքով մահացած Արարատ-2-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը միջադեպ է ունեցել իրենց բակի տղաներից մեկի հետ:
«Երեկ էլ խաղ է եղել, ինքը խաղին եղել է. դեպքը տեղի է ունեցել գիշերը, խաղի օրը մտքերով էլ չէր, մենք մտածում ենք՝ միջադեպն անմիջապես իր հետ կապ չի ունեցել, այլ՝ ընկերների հետ, որովհետեւ տրամադրված էր խաղին, նորմալ խաղաց»,- Aravot.am-ին ասաց ակումբի խոսնակ Գրիգոր Գրիգորյանը:
Նրա խոսքով, իրենց հասած տեղեկություններով, սպանվածը միջադեպ է ունեցել իրենց բակի տղաներից մեկի հետ. «Տարբեր բաներ են ասում, ասում են՝ իրենք մի բակից կամ մի շրջանից են, իրար ճանաչել են, լուրջ հարց չի եղել, ուղղակի երեւի փողոցային խոսակցություն է եղել, այլ մանրամասներ չգիտենք, որովհետեւ այս պահին ծնողները ի վիճակի չեն խոսել»:
Կրակոցները հնչել են Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը եւ Երեւան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղեւոնդյանը։ Վերջինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ