Այսօր Շիրակի մարզպետարանում բավական թեժ քննարկում տեղի ունեցավ Գյումրիում Վերակառուցման և եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ընթացող փողոցաշինության թեմայով: Քննարկմանը մասնակցում էին քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, շինկազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ, «Վեոլիա Ջուր» ընկերության ու ՀԷՑ-ի պատասխանատուները:
Վահագն Վերմիշյանը խիստ ու կոպիտ տոնով խոսեց թե ՛շինարարների, և՛ թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Քաղշինկոմիտի ղեկավարը նույնիսկ հարցրեց՝ «Գյումրին տեր ունի՞, թե՞ անտեր եք թողել»: Բանը հասավ նրան, որ Սամվել Բալասանյանը, նեղվելով նրա տոնից, հակադարձեց՝ «Ինչո՞ւ եք ինձ վիրավորում»:
Քննարկումը սկսվեց Տիգրան Մեծ փողոցում կատարվող շինարարությունից:
Հիշեցնենք, որ վերջերս Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր հենց այդ փողոցում ու դիտողություն արել Սամվել Բալասանյանին, թե ինչո՞ւ անվտանգության նորմերը չեն պահպանվում շինարարության ընթացքում. շինարարը քանդել է թե մայթերը, թե փողոցը: «Եթե մի կաբլուկով կին ուզի անցնել, ո՞նց անցի»,- հարցրել էր Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ասաց. «Տիգրան Մեծ փողոցը բավական բանուկ փողոց է, և հետիոտնի համար դրա հետ կապված պետք է ժամանակավոր միջոցառում կազմակերպել, որպեսզի մարդիկ առանց խոչընդոտի կարողանային հաղթահարել այդ հատվածը»: Նա նշեց, որ չի ճանաչում ո՛չ նախագծային առաջադրանք տվող կողմին, ո՛չ էլ շինարարին, սակայն շինարարի արած գործն է տեսնում, որը նրա դեմքն է: Նա հիշեցրեց, որ կա շինարարական էթիկա հասկացողություն:
«Երբ որ դու մտնում ես ձմեռ, իսկ ես, ինչքան հիշում եմ, հոկտեմբերի 10-ից Գյումրիում սկսվում են ցրտերը, առաջին սառցակալումները և այլն, և այլն, ճանապարհի հետ կապված աշխատանքները սկսել հոկտեմբերի վերջին, դա առնվազն սխալ է: Ես չեմ ուզում ասել հանցավոր անփութություն կամ ինչ-որ մեկնաբանություններ տալ, բայց, մեղմ ասած, դա ճիշտ չէ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին ճանապարհի շինարարություն սկսել: Դու կանխավ գիտես, որ քեզ վեց ամիս սպասում է շինհրապարակի վիճակը, վերջիվերջո սա հարգանքի, էթիկայի խնդիր է:
Նույնիսկ, եթե քո առաջադրանքում չի եղել նշված, ինչ-որ մի ձևով պարտավոր էիր այդ հարցը լուծել», -ասաց Վահագն Վերմիշյանը:
Գյումրու քաղաքապետն, արձագանքելով, ասաց, որ հավաքվել են վարչապետի հանձնարարականով: Նա նշեց, որ եթե կան անանցանելի տեղեր, դրա մեղավորը շինարարն է:
«Այսօր էլ ինչ հանձնարարական տրված է, կատարված չէ, դա Տիգրան Մեծ փողոցն է, որտեղ եղավ խոսակցությունը, դա Նժդեհի փողոցն է, դա Վազգեն Սարգսյան փողոցն է»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Նա նաև ասաց. «Ինչո՞ւ ես պիտի շինարարի փոխարեն պատասխանեմ, որ մի բան էլ քաղաքականացվեր»:
Շինարարին՝ «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Գևորգյանին ոտքի կանգնեցրեցին, բացատրություն պահանջեցին, քաղաքաշինական կոմիտեի ղեկավարը նախազգուշացրեց նման որակի դեպքում սև ցուցակում հայտնվելու մասին: Քաղաքաշինական կոմիտեն որոշել է անորակ շինարարներին, նախագծողներին ու հատկապես փորձաքննություն անցկացնող հիմնարկներին լիցենզիա չտրամադրել:
«Դուք հասկանում եք չէ՞, որ քաղաքի համար մեծ անհարմարություն ստեղծեցիք, և այդ անհարմարությունը բերեց ժողովրդի դժգոհությանը, թեև դժգոհությունն էն խոսքը չէ, ցասումին: Չի կարելի, դուք նոյեմբեր ամսից սկսում եք փողոց քանդել՝ հասկանալով, որ ո՛չ նոյեմբերի վերջին, ո՛չ դեկտեմբերին, հունվար, փետրվար, մարտ ամիսներին, ապրիլի կեսից նոր սկսվում է սեզոնն աշխատանքի, մեղք չէ՞ բա էդ ժողովուրդը:
Ճիշտ էր վարչապետի դիտողությունը, ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր, որ դրա վրա ինքը ուշադրություն կդարձնի, բայց նույնիսկ էդ նկատեց: Եթե ինքը նկատեց, որ եկել էր հյուր, բա էդ ժողովուրդը, որն ամեն օր էդտեղով անցնում է, ի՞նչ է ձեր մասին ասում: Բա դուք մեղք չե՞ք, ձեր մասին էդպես բաներ են ասում: Ես ուզում եմ հորդորել բոլորիդ, որ նման բան անելուց հասկանաք, որ ձեր արածի հետևում մարդիկ են կանգնած: Քանի մարդու ոտք է ոլորվել, քանի կաբլուկ է կոտրվել էդ ճանապարհի վրա, էդ ամեն կաբլուկ կոտրելուց ինչ-որ մի բան հիշում են չէ՞ ձեր մասին, լավ բան չեն հիշում», -շինարարին նկատողություն արեց Վահագն Վերմիշյանը:
Ընթացքում բավական կոպիտ զրույց սկսվեց «Վեոլա ջուր» ընկերության, ՀԷՑ-ի ներկայացուցիչների ու Գյումրու քաղաքապետի միջև: Երբ «Վեոլա ջրի» ներկայացուցիչ Արա Եղիկյանը հայտարարեց, թե «Վեոլա ջուրը» իր հաշվին չի վերացնի վթարները, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանն էլ ասաց, որ այդ մասին պիտի մտածի քաղաքի տերը ու հանիրավի վիրավորեց Սամվել Բալասանյանին՝ հարցնելով. «Գյումրին տեր ունի՞, թե՞ անտեր եք թողել»: Հարցին միջամտեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ նշելով, որ բոլոր կառույցները պիտի համագործակցեն ու իրավունք չունեն մենակ թողնել Գյումրու քաղաքապետին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ