Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտային նոր ցանցի ո՞ր մոդելն է ներդրվելու Երեւանում. տրոլեյբուսային երթուղիները կմնան

Ապրիլ 16,2019 19:12

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տրանսպորտային նոր ցանցի ներդրման շուրջ քննարկում էր, որին մասնակցում էին ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրային  տրանսպորտի բարեփոխումների ծրագրի մասին քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց՝  այս 6 ամիսներին փորձել են հասկանալ ինչ ուղղությամբ են աշխատելու եւ արդեն մոտեցել են վերջնական փուլին:

Ըստ Սարգսյանի, նոր երթուղային ցանցի ներդրման համար ի սկզբանե նախատեսվում էր պետական պարտքով՝ վարկով, հավելյալ ավտբուսներ ձեռք բերել, հետո փոփոխություն է իրականցվել ու առաջարկվել, որ այն իրականացվի PPP (պետական-մասնավոր հատված համագործակցությամբ) մոդելով, դրան զուգահեռ քննարկվում է Ասիական բանկի հետ, որպեսզի PPP  մոդելի փաթեթը ներդրվի  եւ միազգային օպերատորներ ներգրավվեն:

Քննարկմանը ներկա «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հետաքրքրվեց՝ տնտեսական ինչ համագործակցությամբ է նախատեսվում գործարկել նոր ցանցը՝ պետք է լինի ԲԲԸ,  կապիտալի մի մասը քաղաքային իշխանությունը ներդնի,  մյուսն՝ արդեն գործող սուբյեկտները եւ այլն:  «Եթե ձեր ասած մոդելով է, ապա ներդրողը պետք է հասկանա՝ որքան մասնակցություն պետք է ունենա եւ որքան՝ շահութաբերություն: Մինչեւ ցանցի ներդրման չափորոշիչներին հստակ հավանությունը  չլինի, չենք կարող ասել՝ նման մոդել պետությունը կիրականացնի՞,  թե՞ այլ մոդել»,-պատասխանեց Սարգսյանը:

Պողոսյանը շարունակեց, խոսեց հանրային տրանսպորտային բիզնեսում ստվերի մասին: Ըստ Պողոսյանի, Երեւանում ամեն օր ուղեւորահոսքը 600 հազարից ավելի է, եւ իր ունեցած հարկային տվյալներով՝ 50% ստվեր կա. «Կեսը ստվերային շրջանառություն է: 49 մեքենա շահագործողը 3 վարորդ ունի: Հիմա փոխվում է վիճակը, բայց էլի ստվերը 50% տոկոս է»: Փոխքաղաքապետն արձագանքեց՝ խնդիրը կարեւոր է, բայց իրենք  նոր ցանցն են քննարկում:

Երեւանի կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը ներկայացրեց տրանսպորտային նոր ցանցի կառուցվածքը՝ երթուղիների քանակը՝ ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն 42 ավտոբուսային երթուղիներ, 11-ը՝ հիմնական, 30-ը՝ սնուցող եւ 1-ը՝ օդանավակայան տանող արագընթաց երթուղի:

Մարտիրոսյանի խոսքերով՝ տրանսպորտային միջոցների քանակն էլ էապես նվազելու է՝ լինելու բացառապես ավտոբուս՝ 845 հատ, 101 տրոլեյբուս: 18 մետրանոց միակցված ավտոբուսների քանակը 249-ն լինելու,  մեծ՝ 12 մետրանոց ավտոբուսների քանակը՝ 34 եւ միջին տեղատարոնակության 7-8,5 մետրանոց 562 ավտոբուսներ են լինելու: Սրանց մեջ  ներառվում են նաեւ պահուստային ավտոբուսները, որոնք կազմում են ընդհանուր պարկի 15%-ը: Ըստ Մարտիրոսյանի, ամեն օր ցանց է դուրս գալու  733 ավտոբուս: Բացի այս, կրճատվել է ներկայումս գործող ցանցի կիլոմետրաժը, կրկնվող գծերը եւս նախատեսվում է կրճատել: Այսօր գործող  3961 կմ  ցանցը դառնալու է 1134 կմ է լինելու:  Տրանսպորտային միջոցների ընդհանուր վազքը եւս կրճատվելու է, շարժակազմի  տարեկան վազքն գործող ցանցում 200 միլիոն կմ է, նախատեսվում է այն 4 անգամ կրճատել:

«Ամեն լավ բան ունի իր դժվարության «կոմպոնենտ»,-ասաց Մարտիրոսյանը, եւ դա ուղեւորների համար մի կետից մյուս կետը հասնելու եւ 2 տրանսպորտից օգտվելու գործոնն է: Սակայն, Մարտիրոսյանը փորձեց սփոփել տրանսպորտից օգտվողներին՝ «Եթե ուզում ենք եվրոպական չափանիշներով ցանց ունենալ, այնտեղ տեղափոխելի ցանցեր են՝ հիմնական եւ սնուցող»: Այսինքն՝ Եվրոպական երկրներում էլ ուղեւորները մի կետից մյուսին հասնելու համար հիմնականում տրանսպորտային երթուղիները փոխում են: Երեւանում, ըստ Մարտիրոսյանի, նախատեսվում է՝ ցանցի 45 տոկոսը կլինի առանց տեղափոխերի, 37 տոկոսը՝ մեկ տեղափոխող, 15 տոկոսը՝ 2 տեղափոխով,  3 տոկոսը՝ 3 տեղափոխով: Մարտիրոսյանն ասաց, որ միջազգային խորհրդատուն այս ցանցի գործարկելու դեպքում բնակչության 50 տոկոսը կօգտվի առանց տեղափոխով ավտոբուսների երթուղիներից:

Նորա Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տրոլեյբուսային 5 գծերը պահպանվելու են, այս երթուղում նոր տրանսպորտային միջոցներ են ներդրվելու, 34-ը՝ վերազինելու ու արդիականացնելու:

Տրանսպորտային միջոցների երթեւեկի հաճախականությունը միջինում 9 րոպե է լինելու, պիկ ժամերին ու մարդաշատ երթուղիներում՝ ավելի կարճ, որոշ տեղերում՝  8-15 րոպե է լինելու հաճախականությունը: Նախատեսվում է,  որ հասարակական տրանսպորտը գործելու է ժամը 6.45-ից մինչեւ 23.45:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը մի քանի հարց ուղղեց՝ սահմանված չափորոշիչներն ինչպես են ազդելու գնագոյացման վրա, ինչ սակագին է գործելու՝ տեղափոխով տրանսպորտի դեպքում արդյոք նույն սակագինն  է լինելու, արդյոք նախատեսում են տրոլեյբուսի փոխարեն էլեկտրոավտոբուս ներդնել եւ այլն:

Սակագնի, ուղեվարձի մասին փոխքաղաքապետն ասաց, որ այս պահին հստակ բան չի կարող ասել, քանի դեռ վերջնական որոշում չկա, ինչպես նաեւ պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են ընտրվելու: Օրինակ՝ տրանսպորտային միջոցները լինելու են ջեռուցման եւ հովվացման համակարգով, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է էլեկտրոավտոբուսներին, ապա Սարգսյանն ասաց, որ մեզ մոտ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները չկան, էլեկտրոավտոբուսը 2 պտույտից հետո պետք է լիցքավորվի:

Հարցին՝ երբ կներդրվի տրանսպորտային նոր համակարգը, փոխքաղաքապետը պատասխանեց՝ «Չեմ ցանկանում ժամկետը ֆիքսել, ասել՝ այս տարի կլինի»:

Փոխքաղաքապետն առաջարկեց քննարկման մասնակիցներին իրենց առաջարկները ներկայացնել, եւ խնդրի վերջնական լուծում ունենալու համար նման քննարկումները հաճախակի կլինեն, եւ արդեն շուտով միջազգային խորհրդատուին պետք է ներկայացվի շահագրգիռ կողմի եզրակացությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930