Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատկերացնում իրավիճակ, որ ԵՄ անդամ որեւէ երկիր կտրականապես հրաժարվի վավերացնել այս համաձայնագիրը». Արման Եղոյանը՝ Հունգարիայի վավերացման մասին

Ապրիլ 16,2019 18:25

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին Aravot.am-ը հարցրեց՝ օրերս Արմեն Աշոտյանից տեղեկացանք, որ Հունգարիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, նախ ինչո՞ւ է նա հայտնում այդ տեղեկությունը, ոչ թե իշխանության ներկայացուցիչները: Եղոյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Օգտակար գործով է զբաղված պարոն Աշոտյանը»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում համաձայնագրի վավերացման գործընթացը եւ առհասարակ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները: Արման Եղոյանը պատասխանեց.

«Հիմա Հունգարիայի հետ հարաբերությունները հայտնի դեպքից հետո սառեցված են, ըստ էության, մենք հիմա հարաբերություններ չունենք: Հույս ունեմ, որ առաջիկայում որոշակիորեն քայլեր կարվեն՝ հարաբերությունները ակտիվացնելու ուղղությամբ: Նախ, պետք է հասկանանք հունգարական կողմի մտադրությունները, կարծում եմ, կարող ենք ակնկալել որոշակի շարժ»:

Հարցին՝ սա ժե՞ստ էր, կարելի՞ է այդպես գնահատել՝ Եղոյանը պատասխանեց. «Ես միգուցե կարող եմ գեղեցիկ տեքստով պատասխանել, բայց ասել եմ՝ վավերացման գործընթացը զուտ  տեխնիկական է: Ես չեմ պատկերացնում իրավիճակ, որ ԵՄ անդամ որեւէ երկիր կտրականապես հրաժարվի վավերացնել այս համաձայնագիրը, քանի որ համաձայնագիրը ստորագրվել է ընդամենը մեկուկես տարի առաջ եւ գրեթե բոլոր երկրներում իշխող ուժը նույնն է ե՛ւ գործադիրում, ե՛ւ օրենսդիրում եւ եթե իրենց գործադիրը համաձայնվել է, նախարարների խորհրդում իրենք համաձայնվել են, ես չեմ պատկերացնում, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչը խորհրդարանում պիտի իրենց իսկ թեւի ստորագրած համաձայնագրին դեմ լինի: Նաեւ չկա փոփոխություն ՀՀ-ԵՄ անդամ որեւէ երկրի միջեւ հարաբերություններում այս մեկուկես տարվա ընթացքում, որ որեւէ պատճառով իրենք դեմ լինեն»:

Արման Եղոյանը հայտարարեց, որ «վավերացման գործընթացին տրվող այս կարեւորությունը համարում եմ գերագնահատված»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930